Մատենարադանի նոր մասնաշենքը հայ ժողովրդի և պետության հզորության ցուցանիշն է. Սարգսյան

20.09.2011, 20:10
Մատենարադանի նոր մասնաշենքը հայ ժողովրդի և պետության հզորության ցուցանիշն է. Սարգսյան

Հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի նոր մասնաշենքը հայ ժողովրդի և պետության հզորության ցուցանիշն է, երեքշաբթի Մատենադարանի նոր մասնաշենքի բացումից հետո ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ըստ նրա՝ Մատենադարանը հայ ժողովրդի ազգային հարստությունն է: «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Մատենադարանը որևէ չափանիշով չզիջի աշխարհի լավագույն միջնադարագիտական և ձեռագրագիտական կենտրոններին»,- ընդգծել է նախագահը:

Հայկական պետության ղեկավարը նշել է, որ հայերն այն սակավաթիվ ազգերից են, որ կարող են հպարտանալ 1600-ամյա պատմություն ունեցող կատարյալ գրով: «Ինչպես Հակոբ Մեղապարտի և մյուս առաջին հայ տպագրիչների շնորհիվ մենք կարողացանք ժամանակին և բարձր մակարդակով իրականացնել անցումը ձեռագիր մատյանից տպագիր գրքին, այդպես էլ այսօր մենք պետք է պատրաստվենք թվային աշխարհում մեր մշակութային ժառանգությունը պահպանելու գործին»,- ասել է նախագահը:  

Սարգսյանը նաև երախտագիտություն է հայտնել Մատենադարանի աշխատակիցներին, «ովքեր դիմացան անցած տարիների դժվարություններին, ցածր աշխատավարձերին, կենցաղային խնդիրներին և իրենց օրնիբուն աշխատանքով պահեցին այս կարևորագույն հաստատությունը»:

Նախագահը նաև երախտագիտություն է հայտնել հայ բարերարներին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ տվյալ նախագծի իրականացումը: «Մենք շնորհակալ ենք Սերգեյ Համբարձումյանին և այս գործին աջակցություն ցուցաբերած բոլոր բարերարներին: Այս օրինակը ապացուցում է, որ մեր օրերում ևս կան մեր մեծ բարեգործների ավանդույթները շարունակողներ, ովքեր պատրաստ են աջակցել մեր մշակութային կենտրոնների զարգացմանը»,-ասել է նա:

Վերջում Սարգսյանը երախտագիտություն է հայտնել նոր մասնաշենքի ճարտարապետ Արթուր Մեսչյանին:

Նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը նաև մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Ամենայն Հայոց Գարեգին Բ  Կաթողիկոսը և Մեծ Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսն օրհնել են նոր շենքը:

Մատենադարանի նոր մասնաշենքը սարքավորված է անվտանգության նորագույն համակարգով, ապահովված է անհրաժեշտ ջերմային պայմաններով: Բացի մեծ գրապահոցից, այնտեղ տեղակայվելու է ժամանակակից սարքավորումներով  համալրված վերականգնման բաժինը:

Մատենադարանը հիմնադրվել է 1957թ.-ին։ Այնտեղ պահվում են շուրջ 17 հազ. ձեռագրեր՝ պատմության, աշխարհագրության, քերականության, փիլիսոփայության, իրավունքի, բժշկության վերաբերյալ՝ հայերեն, արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն և այլ լեզուներով։-0-