Օհանյանը համագործակցության հարցերը է քննարկել Կանզասի ազգային գվարդիայի ղեկավարի հետ

20.09.2011, 16:55
Օհանյանը համագործակցության հարցերը է քննարկել Կանզասի ազգային գվարդիայի ղեկավարի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի հետ քննարկել է համագործակցության հարցեր, հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հետ համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին ութ տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել Կանզասի ազգային գվարդիայի և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև համագործակցության խորացման ուղղությամբ:

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն և Կանզասի ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին շնորհավորել են անկախության 20-ամյակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանի պաշտպանության պատասխանատու գործում:  -0-