Երևանում «City Tour» զբոսաշրջային ծրագրի մեկնարկը հետաձգվում է ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ. քաղաքապետարան

17.09.2011, 15:31
Երևանում «City Tour» զբոսաշրջային ծրագրի մեկնարկը հետաձգվում է ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ. քաղաքապետարան

Երևանի զբոսաշրջիկների համար նախատեսված «City Tour» զբոսաշրջային ծրագրի մեկնարկը հետաձգվում է մինչև սեպտեմբերի 22-ը՝ ՀՀ  անկախության օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման կապակցությամբ, հաղորդում է մայրաքաղաքի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի կողմից տարածած հաղորդագրության համաձայն՝ ծրագիրը պետք է մեկնարկեր սեպտեմբերի 17-ին:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ծրագրի մեկնարկը տեղափոխվել է ՀՀ  անկախության օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով մայրաքաղաքի կենտրոնական որոշ փողոցներում երթևեկության ժամանակավոր դադարեցման հանգամանքով պայմանավորված:

«Տեղեկացնենք, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-24-ը «Սիթի տուրի» էքսկուրսիաները կիրականացվեն բացառապես երեխաների համար ՝ անվճար սկզբունքով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Երկժամյա տևողությամբ տուրերը կլինեն ամեն օր ժամը 11:00-ից սկսած մինչև 20:00-ն` Երևանի Ֆրանսիայի հրապարակից:

Ավտոբուսային տուրերը կունենան 8 կանգառ, ընդ որում, «Սիթի տուրի»  տոմսը ուժի մեջ է լինելու 4 ժամ, այսինքն` ուղևորին կընձեռվի նախընտրած  կանգառում ավելի երկար մնալու   և երթուղին  հաջորդ ավտոբուսով շարունակելու հնարավորություն:

Հատուկ «Սիթի-տուրի» համար քաղաքապետարանն առաջին անգամ մշակել և տպագրել է զբոսաշրջիկների համար նախատեսված ուղեցույցներ` մեկը տեղեկատվական է, իսկ երկրորդը` ֆոտոուղեցույց:  Երևանի հուշարձանների և մշակութային կենտրոնների մասին տեղեկությունը հասանելի կլինի հինգ լեզուներով: Մամուլի հաղորդագրության համաձայն` մինչև յոթ տարեկան երեխաները կսպասարկվեն անվճար: -0-