Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնվել է ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդության դրոշը

16.09.2011, 18:42
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնվել է ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդության դրոշը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնվել է ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդության դրոշը

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդության դրոշի օրհնության արարողությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ, արարողությանը ներկա են եղել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբաններ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը, ՊՆ պաշտոնյաներ ու բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավորներ` գլխավորությամբ Հայոց Բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և ուխտավորներ, նշում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Մենք փառք են տալիս, որ դեռևս 1997 թ. ստեղծված բանակի հոգևոր սպասավորությունը տարիների ընթացքում ավելի զորացավ և բարձրացավ հոգևոր առաջնորդության հանգամանքի: Այսօր այլևս մեծ թվով հոգևոր սպասավորներ իրենց ծառայությունն են բերում հայոց բանակում այն գիտակցությամբ, որ բանակը զորեղ է և հաղթական, եթե իր հոգում կրում է Աստծուն և իր ընթացքն առաջնորդում է Աստծով»,- Միածնաէջ Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի առջև, մինչ արարողության սկսելը Վեհափառ Հայրապետն իր խոսքն ուղղեց ներկաներին` ուրախություն հայտնելով պատմական իրադարձության առիթով:
Ըստ նրա, հատկապես այդ պատճառով հայոց բանակի դրոշի վրա կարելի է կարդալ հետևյալ արտահայտությունը` «Մեր ուղին օրհնյալ է, որովհետև Աստված մեզ հետ է»:

«Այսպես դարեր շարունակ ապրել է մեր ժողովուրդը, Աստծով կերտել իր բոլոր հաղթանակները, Աստծով հաղթահարել բոլոր փորձությունները», - նշեց Նորին Սրբությունը:

Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգը, խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավիրեց ներկաներին միասնական աղոթք բարձրացնել առ Աստված, որ Տերը զորեղ և անպարտելի պահի հայոց բանակը, անսասան` մեր հայրենի երկիրը, որպեսզի մեր ժողովուրդը, իր ընթացքը պահելով Տիրոջ ճանապարհների վրա, ապրի խաղաղության մեջ և հայոց անկախությունը լինի հավերժ ու հարատև:

Այնուհետև կատարվեց Դրոշի օրհնության կանոնը: Այս նույն կանոնով է օրհնվել նաև ի պաշտպանություն հայրենյաց մարտնչող հայ կամավորական ջոկատների դրոշը 19-րդ դարասկզբին:

Սաղմոսների, շարականների և աղոթքների ներքո Վեհափառ Հայրապետն օրհնեց նոր դրոշը, ապա հանձնեց հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին:

Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետը և ներկաները համբուրեցին սրբագործված դրոշը:
Վերջում վերստին Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց ամենքին և Հայրապետական իր օրհնությունը փոխանցեց հայոց բանակի հրամանատարներին և հոգևոր սպասավորներին:

«Թող այս դրոշը հպարտորեն ծածանվի, և իր օրհնության ներքո պահի հայոց բանակին և նրա քաջարի զինվորներին ու հրամանատարներին: Թող այս դրոշի ներքո զորանա նրանց ոգին, որպեսզի նրանք Աստծուն ապավինած շարունակեն իրենց ազգանվեր, հայրենասեր ծառայությունը Հայրենիքի  և հայոց կյանքի պաշտպանության, որպեսզի մեր երկիրը մշտապես բարգավաճի ու զորանա»,- ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նռնաքարերով ու մարգարիտներով զարդարված խաչով պսակված դրոշի մի երեսին խաչի ասեղնագործ պատկերն է` «ՀՀ, ԶՈՒ հոգևոր առաջնորդություն» գրությամբ: Մյուս երեսին Զինված ուժերի զինանշանն է` «Օրհնյալ է մեր ուղին, զի Աստված ընդ մեզ է» գրությամբ: -0-