Լեգենդար «Գյուլբենկյան» սիմֆոնիկ նվագախումբն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում

15.09.2011, 19:40
Լեգենդար «Գյուլբենկյան» սիմֆոնիկ նվագախումբն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում
Լեգենդար «Գյուլբենկյան» սիմֆոնիկ նվագախումբն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում

Պորտուգալական լեգենդար «Գյուլբենկյան» սիմֆոնիկ նվագախումբը (Gulbenkian Orchestra)`գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Լոուրենս Ֆոստերի գլխավորությամբ, առաջին անգամ ելույթ կունենա Երևանում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

«Նվագախմբի երկու համերգները սեպտեմբերի 15-ին և 16-ին կանցկացվեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո և «Երևանյան հեռանկարներ» 12-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում ու նվիրված են Հայաստանի անկախության 20-ամյակին»,- ասաց Պողոսյանը:

Նվագախումբը Երևանում համերգ կունենա ամբողջական կազմով (80 մարդ): Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում առաջին համերգին «Գյուլբենկյան նվագախումբը» և դաշնամուրային արվեստի համաշխարհային աստղ Օլի Մուստոնեն կկատարեն Հոլի Բրագ Սանտոսի «Սիմֆոնիետան լարայինների համար», Լյուդվիգ վան Բեթհովենի Դաշնամուրի երրորդ կոնցերտը (դո-մինոր) և Անտոնին Դվորժակի Իններորդ սիմֆոնիան (մի-մինոր, «Նոր Աշխարհից»):

Սեպտեմբերի 16-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Գյուլբենկյան նվագախումբը» և աշխարհահռչակ ջութակահար Արաբելա Շթայնբախերը կկատարեն Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի Ադաջիոն, Բրամսի Ջութակի կոնցերտը (ռե-մաժոր, Op. 77) և Բեթհովենի Յոթերորդ սիմֆոնիան (լյա-մաժոր, Op. 92):

Նվագախմբի հետ առաջին անգամ Հայաստան է ժամանել նաև «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ղեկավարությունը:

Ինչպես մամուլի ասուլիսում հայտնեց «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Պորտուգալիայի մշակույթի նախկին նախարար Թերեզա Գուվեյան, «Գյուլբենկյան Նվագախմբի» համար մեծ պատիվ է վերջապես ելույթ ունենալ Հայաստանում:

«Մեր հիմնադրամի հիմնական նպատակներից մեկը հայության հետ հարաբերությունների ընդլայնումն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ աշխարհում: Մեզ համար շատ խորհրդանշական և պատասխանատու է հանդես գալ Հայաստանում հենց այս օրերին, երբ նշվում է երկրի անկախության 20-ամյակը»,- նշեց նա:

«Գյուլբենկյան նվագախումբը» հիմնվել է 1962 թվականին Լիսաբոնում՝ «Գալուստ Գյուլբենկյան» Հիմադրամի որոշմամբ: Նվագախումբը Եվրոպայի ամենահզոր երաժշտական կոլեկտիվներից է, համագործակցել է դարաշրջանի մեծագույն կատարողների և դիրիժորների հետ: 2002 թվականներից ղեկավարում է աշխարհի ամենահայտնի դիրիժորներից մեկը՝ Լոուրենս Ֆոստերը: -0-