Անդամակցությունը Բոլոնիայի գործընթացին Հայաստանի համար քաղաքական նշանակություն ունի. Աշոտյան

08.09.2011, 18:55
Անդամակցությունը Բոլոնիայի գործընթացին Հայաստանի համար քաղաքական նշանակություն ունի. Աշոտյան
Անդամակցությունը Բոլոնիայի գործընթացին Հայաստանի համար քաղաքական նշանակություն ունի. Աշոտյան

Բոլոնիայի գործընթացին անդամակցությունը բացի կրթական բաղադրիչից, Հայաստանի համար նաև քաղաքական նշանակություն ունի, հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

«Իմ խորը համոզմամբ, Բոլոնիայի գործընթացն այն հարթակն է, որտեղ եվրաինտեգրման ուղին առավել արագ և ավելի մեծ հաջողություններով է հնարավոր անցնել»,- հինգշաբթի Հայաստանի և Լեհաստանի Բոլոնիայի գործընթացի համանախագահության շրջանակում Երևանում մեկնարկած «Բարձրագույն կրթության ֆինանսավորում» խորագրով երկօրյա միջազգային համաժողովի բացման ժամանակ ասել է նա։

Ըստ նրա՝ ի տարբերություն քաղաքական, տնտեսական և այլ ոլորտների, ՀՀ կրթական ոլորտը Բոլոնիայի գործընթացի շնորհիվ արդեն 2005թ.-ից բարձրագույն կրթության եվրոպական տարածության անքակտելի մասն է։

Միաժամանակ նախարարը նշել է, որ ՀՀ բարձրագույն կրթության համակարգը հետխորհրդային տարածության համակարգերից մեկն է, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո խորը վերափոխման կարիք ունեին։

«Անկախության 20 տարիների ընթացքում Հայաստանի բարձրագույն կրթության վերափոխումը բավականին հիվանդագին ուղի է անցել, բայց միևնույն է մենք պետք է խոստովանենք, որ այսօր լավագույն կրթական ավանդույթները պահպանելու խնդիրն ունենալով, միաժամանակ առաջխաղացման և բարեփոխումների կարիք ունենք»,- ավելացրել է նա։

Աշոտյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը Բոլոնիայի գործընթացի լիիրավ անդամ լինելով, յուրօրինակ հնարավորություն է ստացել կրթության ազգային ավանդութների հիման վրա այնպիսի կրթական համակարգ ձևավորել, որը կկարողանա գոհացնել և քաղաքացիների, և պետության, և տնտեսության ակնկալիքները։

Հայաստանի կրթության և գիտության նախարարության կազմակերպած  «Բարձրագույն կրթության ֆինանսավորում» խորագրով երկօրյա միջազգային համաժողովն անցկացվում է սեպտեմբերի 8-9-ը: Համաժողովին մասնակցում են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, նրա լիտվացի գործընեկր Գինտարաս Ստեպոնավիչիուսը, Հայաստանի խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, Եվրոպական հանձնաժողովի և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:       

Համաժողովի նպատակը բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմների, կրթության որակի, հավասարության, արդյունավետության և մի շարք այլ  հարցերի շուրջ տեսակետների ու կարծիքների փոխանակումն է:

Հայաստանը և Լեհաստանը Բոլոնյան գործընթացի համանախագահությունն ընդունել են 2011թ. հուլիսի 1-ից՝ կես տարի ժամկետով: --0--