Հայկական բանակում արմատական բարեփոխումները թույլ կտան կրճատել ողբերգական միջադեպերի թիվը. պատգամավոր

08.09.2011, 16:08
Հայկական բանակում արմատական բարեփոխումները թույլ կտան կրճատել ողբերգական միջադեպերի թիվը. պատգամավոր
Հայկական բանակում արմատական բարեփոխումները թույլ կտան կրճատել ողբերգական միջադեպերի թիվը. պատգամավոր

Հայկական բանակում արմատական բարեփոխումները, որոնք կանցկացվեն մոտ ապագայում, թույլ կտան կրճատել ողբերգական միջադեպերի թիվը, հինգշաբթի լրագրողներին հայտնեց պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի  խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը։

«Որքան շատ օրենքներ իսկապես գործեն բանակում, այդքան ավելի հեշտ կլինի բացառել ողբերգական դեպքերը, որոնք տեղի են ունենում աշխարհի բոլոր բանակներում»,- ասաց նա։

Բանակում զինծառայություն իրականացնելիս զոհված զինվորների հարազատները հինգշաբթի առավոտյան հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի առջև՝ պահանջելով պատասխանտվության ենթարկել զինվորների մահվան իրական մեղավորներին:

Կարապետյանը ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների հարազատներին և նշել, որ միայն օրենսդրաական գործունեությունը բավարար չէ, որպեսզի կանխվեն բանակում տեղի ունեցող հանցագործությունները։

«Պետք է կանոնակարգվեն բոլոր հարցերը, մասնավորապես՝ բջջային հեռախոսների օգտագործման խնդիրները։ Նման մանրուքների պատճառով էլ ծնվում են հանցագործությունները։ Բացի այդ, յուրաքանչյուր սպա պետք է իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, իսկ զինվորներն իրազեկված  լինեն, թե ինչպես պաշտպանեն իրենց իրավունքները»,- ընդգծեց նա։

Կարապետյանը տեղեկացրեց, որ արդեն նախօրեին պաշտպանության նախարարության, Հանրային պալատի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և պատգամավորների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես՝ զինծառայողների զորակոչի կազմակերպման, զինծառայողների արձակուրդի մասով:

«Բանակը զորակոչից է սկսվում։ Ցավոք, բանակ են զորակոչվում հասարակության բոլոր խավի մարդիկ։ Մեր խնդիրն այն է, որպեսզի զինծառայողների տեղաբախշման դիֆերենցված մոտեցում ցուցաբերենք՝ նրանց գիտելիքների, ունակությունների և հմտությունների համաձայն։ Յուրաքանչյուրը պետք է իր տեղում լինի, որպեսզի քաոս չստացվի»,- ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ հայկական Զինված ուժերում դեռ մնացել է խորհրդային բանակի կնիքը, ինչը նպաստում է դրանց շարքերում հանցագործությունների աճին։ «Պատահական չէ, որ հանցագործությունների մեծ մասը կատարվում է ռուսական բանակում, որտեղ հատկապես զգալի է այդ հետքը։ Մենք ուզում ենք, որպեսզի մեր Զինված ուժերը ժամանակին հարմարեցված լինեն, և նրանց  գործունեությունն օրենսդրությամբ կանոնակարգվի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այն հրամանատարները, ովքեր չեն կարող պատշաճ կերպով կատարել իրենց պարտականությունները, պետք է լքեն զինված ուժերը։

Վերջին շաբաթների ընթացքում զինծառայողների երկու մահվան դեպք է գրանցվել, ինչը լայն հասարակական արձագանք է ստացել։

Ղարաբաղի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող 19-ամյա Աղասի Աբրահամյանը զոհվել է օգոստոսի 26-ին ռազմական հոսպիտալում։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածով (իշխանության չարաշահում), կալանավորվել է ժամկետային զինծառակող և երեք սպա։

ԼՂՀ պաշտպանության բանակի 19-ամյա ժամկետային զինծառայող Հայկ Մկրտչյանը մահացել է զինակիցների միջև տեղի ունեցած վեճի հետևանքով, այլ ոչ թե զենքի հետ անզգուշությամբ վարվելու պատճառով, բանակում զոհված զինվորների ծնողների հետ հանդիպման ընթացքում հինգշաբթի հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ Հայկ Մկրտչյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՔՕ 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու կասկածանքով, որն անզգուշությամբ մարդու մահ է առաջացրել) հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նրա զինակիցը՝ շարքային Լենդրուշ Նազլուխանյանը:--0—