Հայրենական պատերազմի մասին պատմող սկանդալային անիմացիոն մուլտֆիլմի հեղինակը վարպետության դասեր կանցկացնի Երևանում կայանալիք ReAnimania փառատոնի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռեժիսոր Յոշիխարու Աշինոն, ով Համաշխարհային մեծ պատերազմի թեմայով աղմկահարույց «Առաջին ջոկատ» անիմե-մուլտֆիլմի հեղինակն է, վարպետության դասընթաց կանցկացնի երրորդ միջազգային ReAnimania անիմացիոն փառատոնի շրջանակներում, հայտնեց փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին:
Մուլտֆիլմը բուռն արձագանք ստացավ ռուսական հասարակության տարբեր շերտերի շրջանում, որոնք վրդովված էին Համաշխարհային մեծ պատերազմի խեղաթյուրված պատմության և կեղծ փաստագրական հատվածների ներկայացմամբ, որոնցում փորձագետների և պատերազմի վետերանների դերում հանդես եկող դերասանները պատմում են ռազմական գործողությունների և ԽՍՀՄ-ում խորհրդավոր, գաղտնի մշակումների մասին:
«Յոշիխարու Աշինոն անձամբ վարպետության դասեր կանցկացնի Երևանում սահմանափակ քանակով մասնագետների համար, իսկ նրա մուլտֆիլմը կցուցադրվի փառատոնի շրջանակներում», - ասաց Քասունին երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:
Նրա խոսքերով՝ կկազմակերպվի դասախոսություն ճապոնական անիմացիայի պատմության մասին:
«Բացի այդ, «Аardman» բրիտանական անիմացիոն ստուդիան երկրորդ անգամ Stop Motion տիկնիկային անիմացիայի վարպետության դասընթացներ կանցկացնի», - տեղեկացրեց Քասունին՝ ավելացնելով, որ այս տարի դասընթացները երկու անգամ ավելի երկար կտևեն՝ 6 օր:
Նա նաև նշեց, որ փառատոնի շրջանակներում բրազիլական անիմացիայի վերաբերյալ դասախոսություններ կկազմակերպվեն, ինչպես նաև կքննարկվեն արաբական կարճամետրաժ մուլտֆիլմերում վերջերս արծարծվող հեղափոխությունների և հեղաշրջումների թեմաները:
ReAnimania երրորդ միջազգային անիմացիոն փառատոնը կանցկացվի Երևանում սեպտեմբերի 14-19-ը:
«Առաջին ջոկատ» մուլտֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Կաննում 2009 թ.-ի մայիսին՝ Marché du Film կինոշուկայի շրջանակներում, իսկ հունիսին ֆիլմը ցուցադրվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ժամանակ՝ «Հեռանկարներ» ծրագրի շրջանակներում:-0-