ՀՀ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում ծննդատներից մեկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

02.09.2011, 14:56
ՀՀ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում ծննդատներից մեկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
ՀՀ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում ծննդատներից մեկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի ծննդատանը մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյա Հ-ի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու մասին, հաղորդվում է ոստիկանության կայքում:

Հայկական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ օգոստոսի 11-ին Վայք քաղաքի հիվանդանոց էր տեղափոխվել ծննդկան մի կին, որին, ըստ սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութի, բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն չեն ցուցաբերել՝ ցինիկաբար առաջարկելով ծննդկան կնոջը «հետաձգել» ծննդաբերությունը: Բացի այդ, տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ բուժհաստատությունում նորածնի համար թթվածին չի եղել, հարմարություններ չեն եղել, իսկ անհրաժեշտ բոլոր բժշկական միջոցները պետք է ձեռք բերեին ծննդկանի հարազատները: Ծննդկանի հարազատների խոսքերով՝ ծննդաբերությունը բավականին բարդ է եղել, իսկ դրանից հետո «կիսակենդան նորածնին առանց որևէ օգնության թողել են սեղանի վրա»:

«Ոստիկանության  Վայքի բաժնում օգոստոսի 31-ին տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 14-ին Գնդևազ գյուղի 20-ամյա բնակչուհու ծննդաբերության ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգ, 54-ամյա Մետաքսյա Հ.-ն իր մասնագիտական պարտականությունները ճիշտ չի կատարել, ինչն ազդել է նորածնի առողջական վիճակի վրա», - նշվում է տեղեկատվության մեջ:

 

Ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր Մետաքսյա Հ.-ի  կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ:

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրամանով ստեղծվել է մասնագետներից բաղկացած խումբ, որը մեկնել է Վայք՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով: Խումբը գլխավորել է Հայաստանի գլխավոր նեոնատոլոգ Հրանտ Քալենթերյանը:

Նորածինը տեղափոխվել է Երևանի «Մուրացան» բժշական կենտրոն:-0-