ՀՀ նախագահը կմասնակցի սեպտեմբերի 19-ին կայանալիք Սփյուռքի կազմակերպությունների համահայկական համաժողովին

01.09.2011, 18:59
ՀՀ նախագահը կմասնակցի սեպտեմբերի 19-ին կայանալիք Սփյուռքի կազմակերպությունների համահայկական համաժողովին
ՀՀ նախագահը կմասնակցի սեպտեմբերի 19-ին կայանալիք Սփյուռքի կազմակերպությունների համահայկական համաժողովին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Երևանում սեպտեմբերի 19-20-ը կայանալիք Սփյուռքի կազմակերպությունների և հայկական համայնքների ղեկավարների համահայկական համաժողովի բացմանը, հայտարարել է ՀՀ սփյուռքի նախարարության հայրենադարձության և ուսումնասիրությունների վարչության պետ Արման Եղիազարյանը:

«Համաժողովին կմասնակցեն բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից, ԼՂՀ-ից և Սփյուռքից», - հինգշաբթի համաժողովի կազմկոմիտեի նիստի ընթացքում ասաց նա:

Նա նշեց, որ միջոցառման ընթացքում նախատեսված է չորս զեկույց, որոնք կներկայացնեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Եղիազարյանի խոսքերով՝ կանցկացվի նաև չորս թեմատիկ նիստ, որոնց շրջանակներում կքննարկվեն Հայաստան-Սփյուռք փոխգործակցության մեխանիզմները, երիտասարդ սերնդի, լեզվի ու կրթության խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանային հանձնաժողովների գործունեությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին:

«Համաժողովին մասնակցելու նպատակով երկիր ժամանած հյուրերը սեպտեմբերի 18-ին կայցելեն Ծիծեռնակաբերդ, ինչպես նաև կկազմակերպվի ընդունելություն՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից», - ավելացրեց նա:

Եղիազարյանը նշեց, որ համաժողովի հյուրերն ու մասնակիցները կմասնակցեն նաև Բարերարների ծառուղու բացմանը, ինչպես նաև ներկա կգտնվեն ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպվող ռազմական շքերթին և տոնական համերգին Հանրապետության հրապարակում:-0-