Հայաստանում 12-րդ դասարանցիների համար ուսումը դպրոցում կտևի ընդամենը կես տարի

30.08.2011, 14:24
Հայաստանում 12-րդ դասարանցիների համար ուսումը դպրոցում կտևի ընդամենը կես տարի

Հայաստանում 12-րդ դասարանցիների համար ուսումը դպրոցում կտևի ընդամենը մեկ կիսամյակ, իսկ հետո նրանք կշարունակեն այցելել դպրոց` ընդունելության քննություններին նախապատրաստվելու համար, ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

«Այս պահին Հայաստանում գործում է 107 ավագ դպրոց, և դրանք բոլորը պատրաստ են նոր ուսումնական տարվան: Միակ դժվարությունը կապված էր 12-րդ դասարանցիների հետ, սակայն մենք որոշեցինք թեթևացնել նրանց ուսումնական ծրագիրն ու փակել ուսումնական տարին հունվարին», - երեքշաբթի լրագրողներին ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով` երկրորդ կիսամյակում (հունվարից մայիս) վերջին դասարանների աշակերտները դպրոցում կուսումնասիրեն միայն այն առարկաները, որոնք պետք է հանձնեն ավարտական քննությունների ժամանակ, ինչպես նաև այն առարկաները, որոնք անհրաժեշտ են ընդունելության քննությունների համար:

«Մենք այսպիսի ուսումնական պլան ենք մշակել, որպեսզի դպրոցականները կրկնուսույցների կարիք չունենան և կարողանան առանց հավելյալ վճարի անհրաժեշտ առարկան ուսումնասիրել դպրոցում», - նշեց նա:

Բացի այդ, պարապմունքների ընթացքում երկու հիմնական առարկաների` մաթեմատիկայի և հայոց լեզվի հատուկ ժողովածուներ կօգտագործվեն, որոնք նախատեսված են դիմորդների համար:

Նա նաև ձեռնպահ մնաց գնահատել երկրում ավագ դպրոցների համակարգերի ներդրման արդյունավետությունը` նշելով, որ այս ծրագիրը դեռևս ամբողջովին ավարտված չէ:

«Մենք ձգտում ենք անել այնպես, որ դասարաններում լինի 20 աշակերտից ոչ ավելի, որպեսզի դպրոցներում չափազանց շատ դասարաններ չլինեն, և արդեն հիմա կարելի է տեսնել, որ աշակերտների հաճախելիությունը և նրանց առաջադիմությունը չի նվազել դպրոցը փոխելու պատճառով», - պարզաբանեց նա:

Հովհաննիսյանը նաև նշեց, որ այս ուսումնական տարին տարբերվում է մյուսներից Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: «Սեպտեմբերի 1-ից բոլոր դպրոցներում կակտիվանա մշակութային գործունեությունը` տոնի կապակցությամբ, և բոլոր դպրոցականները նվեր կստանան խորհրդանշական օրագրեր», - ասաց Հովհաննիսյանը:-0-