ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակը դատապարտել է Նիգերիայի մայրաքաղաքում ՄԱԿ-ի գրասենյակի պայթեցումը

29.08.2011, 16:40
ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակը դատապարտել  է Նիգերիայի մայրաքաղաքում ՄԱԿ-ի գրասենյակի պայթեցումը
ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակը դատապարտել  է Նիգերիայի մայրաքաղաքում ՄԱԿ-ի գրասենյակի պայթեցումը

որի պատճառով զոհվեցին ու վիրավորվեցին տասնյակ մարդիկ, ու ցավակցում նրանց ընտանիքներին, հաղորդում է գրասենյակի մամուլի ծառայությունը:

Նիգերիայի Աբուջա մայրաքաղաքում ՄԱԿ-ի ներկայացուցչության տարածքում օգոստոսի 26-ի ցերեկն ահաբեկություն է իրականացրել մի մահապարտ, ով ականապատած ավտոմեքենա է պայթեցրել: Պայթյունի հետևանքով զոհվել է 23 մարդ, տուժել են ավելի քան 80-ը, ավերվել է ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների դեսպանություններից ոչ հեռու գտնվող ՄԱԿ-ի առաքելության շենքի թևը: Ահաբեկության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Բոքո Խարամ» արմատական իսլամիստական խմբավորումը: 

«Մենք մեր խոր կարեկցանքն ու ցավակցություններն ենք հայտնում այս սարսափելի ոճրի զոհերին ու ընտանիքներին, Նիգերիայի ժողովրդին ու կառավարությանը, ինչպես նաև ՄԱԿ-ի մեր գործընկերներին»,- ասաց  Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Մարիա Դոցենկոն:

Երկուշաբթի Կազմակերպության երևանյան գրասենյակում իջեցվել է դրոշն ի նշան կարեկցանքի, իսկ աշխատակիցները հարgել են զոհվածների հիշատակը լռության րոպեով:

Նիգերիայում բռնության ալիք է բռնկվել մայիսին անցած ընտրություններից հետո, երբ հաղթել է քրիստոնեություն դավանող Ջոնաթան Գուդլաքը: Երկրի տարածքում տասնյակ ահաբեկությունների պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել «Բոքո Խարամ» արմատական աղանդի գրոհայինները: Աղանդը շարիաթ է պահանջում Նիգերիայի ողջ տարածքում և փորձում է հասնել արևմտյան կրթական աշխարհիկ մոդելի վերացմանը: Մասնավորապես, այս տարվա հունիսին աղանդի գրոհայիններն իրականացրել են Աբուջայի ոստիկանական վարչության պայթեցումը:

Նիգերիան աֆրիկյան մայրցամաքում նավթի խոշորագույն արտադրող է, որն օրական արտահանում է մոտ 2,2 միլիոն բարել նավթ: Սակայն նավթարդյունաբերության վրա բացասական ազեդցություն են գործում «Նիգեր գետի դելտայի ազատագրման շարժման» և զինված այլ խմբավորումների գրոհայինների հարձակումները Chevron, Shell օբյեկտների և մի շարք այլ նավթային ընկերությունների վրա: -0-