«Նոր Ջուղա. լինել…» խորագրով ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի է ունեցել Հայաստանում Իրանի հայկական համայնքի օրերի շրջանակներում

26.08.2011, 15:53
«Նոր Ջուղա. լինել…» խորագրով ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի է ունեցել Հայաստանում Իրանի հայկական համայնքի օրերի շրջանակներում

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Իրանի հայ համայնքի օրեր» ծրագրի միջոցառումների շրջանակում «Նարեկացի» մշակութային միությունում կայացավ ռեժիսոր Արսեն Գասպարյանի «Նոր Ջուղա. լինել…» խորագրով ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:

«Իրանահայության մայրաքաղաք համարվող Նոր Ջուղային նվիրված այս վավերագրական ֆիլմը պատմում է դեռևս 1604թ. Շահ Աբասի կողմից Արևելյան Հայաստանից դեպի Սպահան հայերի վերաբնակեցման և այդպիսով համայնքի ձևավորման և Նոր Ջուղայում գոյություն ունեցող հայկական հարուստ պատմամշակութային ժառանգության մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ֆիլմում խոսվում է Նոր Ջուղայում ապրող հայերի ծավալած ակտիվ մշակութային գործունեության և երկրի կյանքում ունեցած նշանակալի ներդրման մասին:

Մասնավորապես` անդրադարձ է կատարվում Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի գործունեությանը, հայ համայնքի` Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ակտիվ ջանքերին և Հայ դատի պաշտպանության հարցում հայ համայնքի համախմբվածությանը: -0-