Երևանյան դպրոցների 154 տնօրեններ դպրոցը ղեկավարելու իրավունքի վկայական են ստացել

26.08.2011, 15:33
Երևանյան դպրոցների 154 տնօրեններ դպրոցը ղեկավարելու իրավունքի վկայական են ստացել
Երևանյան դպրոցների 154 տնօրեններ դպրոցը ղեկավարելու իրավունքի վկայական են ստացել

Երևանի դպրոցների տնօրենների շրջանում անցկացված հավաստագրման արդյունքում դպրոց ղեկավարելու իրավունք է ստացել 154 տնօրեն, ասաց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության  վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացն անցկացվում է 2011-2015թթ.-ի կրթության զարգացման պետական ծրագրի և Երևանի հանրակրթության հայեցակարգի շրջանակներում: Հայեցակարգի գլխավոր պահանջներից մեկը դպրոցների տնօրենների և ուսուցիչների վերապատրաստման կարգի ներդրումն է:

«Դպրոցների տնօրենների վերապատրաստման գործընթացը սկսվել է 2011թ.-ի գարնանից, որի շրջանակներում երևանյան և հանրապետական դպրոցների բոլոր տնօրենները վերապատրաստման դասընթացներ են անցել և մասնակցել են կրթական հաստատությունը ղեկավարելու իրավունք ստանալու համար վկայան ստանալու երկու փուլային քննության»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սողոմոնյանը:

Միաժամանակ նա հայտնեց, որ տարբեր պատճառներով, այդ թվում առողջական վիճակի հետ կապված և հոգեբանական պատճառներով, քննությունը չեն կարողացել հանձնել յոթ դպրոցների տնօրեններ, ովքեր կրկին կմասնակցեն քննությանն ընթացիկ տարվա աշնանը:

«Վերապատրաստման գործընթացին չեն մասնակցել թոշակառու տարիքի 19 տնօրեններ, որոնցից չորսը պաշտոնանկ են եղել թոշակի գնալու պատճառով, իսկ մնացածը շարունակում են աշխատել»,- ասաց նա:

Վարչության պետը պարզաբանեց, որ դպրոցների տնօրենների թափուր տեղերի մրցույթը սկսվել է 2011թ.-ի գարնանը, 22 դպրոցներում մրցույթներն արդեն անցկացվել են և դրանց արդյունքների համաձայն` տնօրեններ են ընտրվել:

«Հունիսի 30-ի կառավարության որոշման համաձայն` տնօրենների թափուր տեղերի մրցույթի անցկացման ժամանակացույց է ձևավորվել, և մինչև դեկտեմբերի վերջ այդ գործնըթացը կավարտվի»,- պարզաբանեց նա՝ ավելացնելով, որ մրցույթին իրավունք ունեն մասնակցել միայն այն տնօրենները, ովքեր համապատասխան վկայական են ստացել:

Խոսելով ուսուցիչների ատեստավորման մասին` Սողոմոնյանն ասաց, որ այդ գործընթացը կսկսվի սեպտեմբերի 1-ից, և կանցկացվի փուլերով:

Ըստ նրա՝ այսուհետ ուսուցիչների աշխատավարձի վճարման միասնական սխեմա չի գործի, նրանց աշխատանքի դիմաց վճարը կլինի ատեստավորման արդյունքների համաձայն:

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության տվյալների՝ Երևանում գործում է 145 հիմնական, 37 ավագ, 17 հանրակրթական դպրոց, ինչպես նաև երկու քոլեջ: -0-