Քրեական գործ է հարուցվել ՀՀ ճանապարհային ոստիկանության համակարգում չարաշահման փաստի առթիվ

25.08.2011, 18:01
Քրեական գործ է հարուցվել ՀՀ ճանապարհային ոստիկանության համակարգում չարաշահման փաստի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հինգշաբթի հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)  և 179-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը) Ճանապարհային ոստիկանության համակարգում չարաշահման փաստի առթիվ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից:

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունից օգոստոսի 24-ին նյութեր է ստացել՝ ՀՀ մարզերում ճանապարհային ոստիկանության աշխատանքները կազմակերպելու համար հատկացված վառելիքը ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց կողմից յուրացնելու վերաբերյալ», - նշվում է տեղեկատվության մեջ:

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ նյութերի ուսումնասիրությամբ, մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Ճանա­պարհային Ոստիկանության 2-րդ  սպայական գումարտակի նախկին հրամանատարը, չարաշահելով պաշտո­նեական լիազորությունները, ՀՀ մարզերում Ոստիկանության աշխատանքները կազմակերպելու համար իր ենթակայության տակ գտնվող առանձին վաշտերին հասանելիք և իրեն վստահված շուրջ 277 հազար լիտր բենզինից ըստ նպատակի հատկացրել է 121 հազար լիտրը, իսկ տարբերությունը՝ յուրացրել:

Օգոստոսի 24-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ոստիկանությունից ստացել է նաև հարուցված քրեական գործ՝ օրենքի խախտմամբ, առանց թեստավորման և քննություն հանձնելու, վարորդական իրավունքի վկայական տրամադրելու, ճանապարհային ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով նշված քրեական գործը ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:-0-