ՀՀԿ պատգամավորը վաղաժամ է համարում հայկական ընդդիմության ակտիվիստների ձերբակալման միջադեպին գնահատական տալը

17.08.2011, 16:01
ՀՀԿ պատգամավորը վաղաժամ է համարում հայկական ընդդիմության ակտիվիստների ձերբակալման միջադեպին գնահատական տալը

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի.  /Նովոստի-Արմենիա/. Ներկա պահին վաղաժամ է մեկնաբանել կամ որևէ գնահատական տալ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների ձերբակալության հետ կապված միջադեպը, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը, ով ՀԱԿ-ի հետ երկխոսության կոալիցիայի պատվիրակության անդամ է։

Օգոստոսի 9-ին Երևանի կենտրոնում ՀԱԿ-ի ակտիվիստների և ոստիկանության աշխատակիցների միջև միջադեպ է տեղի ունեցել, որից հետո յոթ ընդդիմադիրներ ձերբակալվել են։ Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ Հայաստանի ՔՕ «Խուլիգանություն» և «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնի գործողություններ կիրառելը» հոդվածներով։

Օգոստոսի 12-ին դատարանի որոշմամբ յոթ ձերբակալվածներից երեքը դատապարտվել են երկու ամիս ազատազրկման, մնացածն ազատվել են դատարանի դահլիճից (նրանցից մեկը՝ քաղաքից չհեռանալու ստորագրությամբ)։

«Գործընթացը պետմարմինների վերահսկողության ներքո է գտնվում։ Այժմ գնահատականներ տալն ամենաապակառուցողական քայլն է»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Մինասյանը։

Նրա խոսքով՝ այս հարցն առանցքային է դարձել նախօրեին իշխանությունների և ՀԱԿ-ի երկխոսության աշխատանքային խմբերի հինգերորդ հանդիպման ժամանակ։ «Երեկ մենք հետաձգել ենք այլ թեմաների դիտարկումը՝ այս հարցը քննարկելու համար»,- նշեց նա՝ հավելելով, սակայն, որ երիտասարդների ազատման հնարավորությանն անդրադարձ չի եղել։

«Այս հարցը բացառապես իրավական հարթության վրա է, մենք չենք կարող այն քննարկել»,- ընդգծեց նա։

Մինասյանը նաև անհեթեթ անվանեց այն հայտարարությունները, որ ՀԱԿ-ի ձերբակալված ակտիվիստներին կարելի է «քաղբանտարկյալներ անվանել»։

Երկխոսության հինգերորդ հանդիպման արդյունքներով՝ կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը՝ զերծ մնալով օգոստոսի 9-ին Ոստիկանության և ՀԱԿ-ի ակտիվիստների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մեկնաբանություններից։ --0—