Երևանի ապամոնտաժվող կրպակների սեփականատերերը բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ

11.08.2011, 14:51
Երևանի ապամոնտաժվող կրպակների սեփականատերերը բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ
Երևանի ապամոնտաժվող կրպակների սեփականատերերը բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի.  /Նովոստի-Արմենիա/. Երևանի մանրածախ առևտրի և ծառայություններ մատուցող կրպակների՝ մի շարք օբյեկտների ապամոնտաժումից դժգոհ սեփականատերերը հինգշաբթի բողոքի ակցիա անցկացրեցին կառավարության շենքի մոտ։

Նրանք քաղաքի բնակիչների շրջանում քաղաքապետարանի գործողությունների դեմ դիմում-բողոքի ստորագրահավաք նախաձեռնեցին, հայտնեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։ 
Երևանի կենտրոնում, քաղաքապետարանի որոշմանը համապատասխան, մանրածախ առևտրի և ծառայությունների տաղավարների հարկադիր ապամոնտաժում է սկսվել։ Նախօրեին Կոմիտասի պողոտայի և Փափազյանի փողոցի խաչմերուկում իրականացվող ապամոնտաժման ժամանակ վեճ է տեղի ունեցել փոքր բիզնեսի սեփականատերերի և իրավապահ մարմինների միջև։

Ակցիայի մասնակիցներին են միացել ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը և Անահիտ Բախշյանը։

«Այսօր մենք եկել ենք այտեղ, որպեսզի փոխանցենք քաղաքացիների բողոքը կառավարությանը։ Ես և Անահիտ Բախշյանն ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին այդ հարցով արդեն հանդիպել ենք կառավարության ներկայացուցչի հետ և ներկայացրել ենք ուսումնասիրել քաղաքապետարանի որոշումը, և միայն դրանից հետո դրա իրականացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել»,- ասաց Սաֆարյանը։

Սակայն, նրա խոսքով, չնայած ներկայացված բողոքին, Երևանի քաղաքապետարանը և մի շարք թաղապետարանների ներկայացուցիչներ սկսել են տաղավարների ապամոնտաժումը։

«Երեկ իրականացվել է միայն այն տաղավարների ապամոնտաժումը, որոնց տերերը համաձայնել են, և մենք որևէ բան չունենք նրանց դեմ, բայց մեր պահանջն այն է, որպեսզի մյուս բոլոր սեփականատերերին նույնպես այլընտրանքային առաջարկություն արվի, և միայն նրանց համաձայնությամբ իրականացվի ապամոնտաժումը»,- ասաց Սաֆարյանը։

Պատգամավորի խոսքով, քաղաքապետարանը պարտավոր էր նախնական հետազոտություններ կատարել, այլընտրանքային տարբերակներ մշակել, բայց նման քայլեր չեն եղել, և կառավարությունը պետք է համապատասխան արտոնություններ սահմանի քաղաքային և տեղական ինքնակառավարման իշխանությունների համար։

Երևանի քաղաքապետարանն օրերս հայտարարություն է տարածել, որի համաձայն, մանրածախ առևտրի և ծառայությունների նոր կրպակների և տաղավարների (կոշիկի, ժամացույցների վերանորոգման, հուշանվերների վաճառքի կրպակներ) համար այսուհետ հողատարածքներ չեն տրամադրվի։ Միևնույն ժամանակ պայմանագրերի ժամկետները նույնպես չեն երկարացվի։

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի անցկացված նիստում խոստացավ, որ մանրածախ տաղավարների ապամոնտաժումը զանգվածային բնույթ չի կրի, դրանց նկատմամբ կկիրառվի անհատական մոտեցում։ -0-