Հայաստանում ահաբեկչության ռիկսն ավելի ցածր է, քան Ադրբեջանում. Maplecroft –ի ցուցիչ

06.08.2011, 13:18
Հայաստանում ահաբեկչության ռիկսն ավելի ցածր է, քան Ադրբեջանում. Maplecroft –ի ցուցիչ

Maplecroft վերլուծական կենտրոնի հրապարակած՝ ահաբեկչության ռիսկի ցուցիչի համաձայն, Հայաստանը ներառված է ահաբեկչության ցածր ռիսկ ունեցող երկրների ցանկում, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը։

Ցուցիչը կազմվել է՝ ներառելով աշխարհի 197 երկրներ ու տարածքներ։ Ըստ ահաբեկչության ռիսկի աստիճանի (ծայրահեղ, միջին և ցածր), երկրները բաժանվել են երեք կատեգորիաների։ 

Ցուցիչի համաձայն, Հայաստանը 100 բալ ունի, իսկ Ադրբեջանը՝ 93, ինչը նշանակում է, որ Ադրբեջանում, որը նույնպես մտնում է ահաբեկչության ցածր ռիսկ ունեցող խմբի մեջ, ռիսկի աստիճանն ավելի բարձր է գնահատվում։

Վրաստանը գտնվում է ահաբեկության միջին ռիսկ ունեցող երկրների ցանկում։
Նախկին խորհրդային հանրապետություններում՝ Ուկրաինայում, Ուզբեկստանում, Մոլդովայում, Բելառուսում, ահաբեկության ռիսկը գնահատվում է ցածր, սակայն Maplecroft ցուցիչի համաձայն, Ռուսաստանը գտնվում է ահաբեկչության ծայրահեղ ռիսկ ունեցող առաջին 20 երկրների թվում։ Նույն կատեգորիայում է  նաև Հայաստանի հարևան Իրանը։

Առավել մեծ ռիսկ ունեցող երկրների շարքում են Սոմալին, Պակիստանը, Իրաքը, Աֆղանստանը, Եմենը։ -0-