Համահայկական հինգերորդ խաղերի մասնակիցները կազատվեն դեպի Հայաստան մուտքի տուրքի վճարից

28.07.2011, 17:13
Համահայկական հինգերորդ խաղերի մասնակիցները կազատվեն դեպի Հայաստան մուտքի տուրքի վճարից

Համահայկական հինգերորդ խաղերի մասնակիցները կազատվեն դեպի Հայաստան մուտքի տուրքի վճարից, համապատասխան որոշումն ընդունվեց հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում։

Ինչպես նշեց Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը, Համահայկական հինգերորդ խաղերի մասնակցության համար Հայաստան կժամանեն մեծ թվով մասնակիցներ, ովքեր ազատվում են դեպի Հայաստան մուտքի արտոնագրի պետտուրքի վճարումից։

Համահայկական հինգերորդ խաղերը կանցկացվեն Հայաստանում օգոստոսի 13-21-ը։ Այդ օրը «Հանրապետական» մարզադաշտում կկայանա բացման հանդիսավոր արարողությունը։ Համահայկական խաղեր-2011-ի կարգախոսն է «Միաբանություն սպորտի միջոցով»։

Կազմկոմիտեի տվյալներով` խաղերի ժամանակ Հայաստան կժամանեն 8-10 հազար զբոսաշրջիկներ։ Ինչ վերաբերում է մասնակիցներին, ապա նրանց թիվն այս տարի ռեկորդային կլինի և կհասնի շուջ 3 հազարի` աշխարհի 100 երկրներից։

Խաղերի կազմակերպմանը կառավարությունը հատկացրել է 50 մլն դրամ։

Համահայկական խաղերն անցկացվում են տասը մարզաձևերով՝ ֆուտբոլ, բասքետբոլ, վոլեյբոլ, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, աթլետիկա, մինի-ֆուտբոլ։ -0-