Հայկական կոալիցիայի ներկայացուցիչները դեմ են ընդդիմության հետ հանդիպումների ուղիղ հեռարձակմանը

26.07.2011, 17:37
Հայկական կոալիցիայի ներկայացուցիչները դեմ են ընդդիմության հետ հանդիպումների ուղիղ հեռարձակմանը

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Կոալիցիոն ուժերն աննպատակահարմար են համարում հանդիպումների ուղիղ հեռարձակումը ընդդիմության հետ երկխոսության շրջանակներում, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

«ՀԱԿ-ի մեր գործընկերները հեռարձակում են պահանջում, սակայն մենք կարծում ենք, որ դա ավելի շուտ հասարակությանը սեփական կարծիքի ներկայացում կլինի, քան երկխոսություն: Սովորաբար նման հանդիպումների ուղիղ հեռարձակումը կտրուկ նվազեցնում է դրանց արդյունավետությունը», - ասաց Հարությունյանը:

Իշխող կոալիցիայի և ՀԱԿ-ի միջև երկխոսության աշխատանքային խմբերի երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել երեքշաբթի Երևանում՝ երկխոսության օրակարգի ձևավորման նպատակով:

«Մենք միասնական կարծիքի չենք եկել նաև այն բանի շուրջ, թե կոալիցիան և ընդդիմությունը հավասար հնարավորություններ ունե՞ն հեռուստաեթերում սեփական կարծիքի արտահայտման համար: Մենք կարծում ենք, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչների խոսքի ազատությունը ոչ մի կերպ չի սահմանափակվել», - ասաց Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ կոալիցիայի ներկայացուցիչներն առաջարկել են փոքր ուսումնասիրություն անցկացնել, սակայն ընդդիմությունը հրաժարվել է:

«Այսուհետ եթե որևէ հեռուստաալիք մեզանից որևէ մեկին հարցազրույցի հրավիրի, ապա մենք կպահանջեք ապահովել նաև ընդդիմության ներկայացուցչի ներկայությունը», - հայտարարեց Հարությունյանը:

Իշխանությունների կողմից բանակցություններին մասնակցում է կոալիցիոն կուսակցությունների կողմից ձևավորված աշխատանքային խումբը, որը կազմում ներառված են ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ՀՀ ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը (ՀՀԿ), ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը («Բարգավաճ Հայաստան»), Մհեր Շահգելդյանն ու ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչիկ Հարությունյանը («ՕԵԿ»):

ՀԱԿ-ի հինգ ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը գլխավորում է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը: Պատվիրակության կազմում են նաև ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար Վահագն Խաչատրյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, Հայ համազգային շարժման վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը:

ՀԱԿ-ը ստեղծվել է 2008 թ.-ի օգոստոսի 1-ին: ՀԱԿ-ի կազմում ներառված է շուրջ 20 քաղաքական կուսակցություն և կազմակերպություն: ՀԱԿ-ի առաջնորդն է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները ընդգրկված են Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավորած իշխող կոալիցիայի կազմում, որը ձևավորվել է 2008 թ.-ի մարտի 21-ին:-0-