Հայ-ամերիկյան առաջին երկկողմ զորավարժությունները նախատեսված են 2012թ.-ին

26.07.2011, 13:19
Հայ-ամերիկյան առաջին երկկողմ զորավարժությունները նախատեսված են 2012թ.-ին

Պատմության մեջ առաջին հայ-ամերիկյան երկկողմ զորավարժությունները նախատեսված են 2012թ.-ին, հաղորդել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի ԱՄՆ-ի կատարած այցին նվիրված ռեպորտաժում:

Տոնոյանը հուլիսի 18-21-ը գտնվում էր Վաշինգտոնում՝ պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ խորհրդակցություններին մասնակցելու նպատակով:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության ոլորտի մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում են խաղաղարար գործողություններին մասնակցելու համար համատեղ զորավարժությունների անցկացմանը, ռազմական կրթության, անձնակազմի կառավարման, ռազմական բժշկության, պրոֆեսիոնալ սերժանտների վերապատրաստման ծրագրերին:

«ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ Վաշինգտոն կայանալիք այցն ու հաջորդ տարի նախատեսված հայ-ամերիկյան առաջին երկկողմ զորավարժությունները նոր որակ կհաղորդեն ռազմական գործընկերությանը և Երևանի և Վաշինգտոնի միջև ռազմաքաղաքական երկխոսությանը», - նշվում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության տեղեկատվության մեջ:

Ինչպես հեռուստաընկերությանն է հաղորդել ՀՀ պաշտպանության փոխնախարարը, երկու երկրների միջև փորձագիտական աջակցության մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել անձնակազմի կառավարման, պրոֆեսիոնալ սերժանտների կազմի ձևավորման ոլորտներում, ինչպես նաև հասարակությանն իրազեկելու ոլորտում համագործակցության հարցում:

Փոխնախարարի խոսքով՝ համագործակցություն կզարգանա նաև խաղաղապահության ոլորտում: Մասնավորապես, Հայաստանը կմասնակցի աֆղանցի զինծառայողների մարզումներին: «Մենք պատասխանատվություն ենք կրելու մեկ գումարտակի պատրաստման համար», - ասաց Տոնոյանը:-0-