ՀԱԿ-ը հայտարարում է, որ պատրաստ է Հայաստանի իշխող կոալիցիայի հետ նոր հանդիպման

20.07.2011, 10:29
ՀԱԿ-ը հայտարարում է, որ պատրաստ է Հայաստանի իշխող կոալիցիայի հետ նոր հանդիպման
ՀԱԿ-ը հայտարարում է, որ պատրաստ է Հայաստանի իշխող կոալիցիայի հետ նոր հանդիպման

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ պատրաստ է կոալիցիոն ուժերի ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի հետ նոր հանդիպմանը, նշվում է ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ:

«Ի գիտություն ընդունելով Հայ Ազգային Կոնգրես - իշխանություն բանակցություններում իշխանության պատվիրակության համակարգող Դավիթ Հարությունյանի պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ իր ղեկավարած պատվիրակությունը, լինելով քաղաքական կոալիցիայի որոշմամբ ստեղծված մարմին, ներկայացնում է Գործադիր իշխանությունը, խորհրդարանական մեծամասնությունը և անձամբ Սերժ Սարգսյանին, Հայ Ազգային Կոնգրեսը համարում է, որ երկխոսությունը կարելի է շարունակել այս ձևաչափով և պատրաստ է նոր հանդիպման», - նշվում է հայտարարության մեջ:

Միաժամանակ ՀԱԿ-ը պահանջում է հետագա հանդիպումներն անցկացնել չեզոք տարածքում, հեռարձակել դրանք ուղիղ եթերով կամ կողմերի քարոզչական հավասար հնարավորությունները ապահովելու նպատակով Կոնգրեսի պատվիրակությանը յուրաքանչյուր հանդիպումից հետո  տրամադրել հանրային հեռուստաընկերությամբ առնվազն կես ժամ ուղիղ եթեր:

Կոալիցիոն կուսակցությունների և ՀԱԿ-ի ներկայացուցիչների առաջին դռնփակ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին Հայաստանի հանրային խորհրդի նիստերի դահլիճում:

Հանդիպման նախաձեռնողը ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն էր: Նա նշել է, որ կոալիցիոն աշխատանքային խումբը պատրաստ է հանդիպումների շարք սկսել ՀԱԿ-ի համապատասխան հանձնաժողովի հետ: Կոալիցիոն աշխատանքային խմբի կազմում են Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ), Գագիկ Մինասյանը (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ), Վարդան Բոստանջյանը (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանը («Օրինաց երկիր») և Խաչիկ Հարությունյանը («Օրինաց երկիր»):

Մայիսի 31-ին Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ  պատրաստ են «իշխանության հետ ֆորմալ երկխոսության, այսինքն` պատվիրակությունների մակարդակով երկխոսության»: Նույն հանրահավաքի ընթացքում ընդդիմությունը հայտարարել էր, որ երկխոսությունը կարող է ընթանալ խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների հարցի շուրջ: 

Երկխոսության համար ՀԱԿ-ը համապատասխան պատվիրակություն է ձևավորել, որը գլխավորել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը:

Պատվիրակության կազմում են նաև ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար Վահագն Խաչատրյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, Հայ համազգային շարժման վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը:-0-