Հայաստանում լեռնային տուրիզմի զարգացման հսկայական ներուժ կա. Ֆեդերացիայի փոխնախագահ

19.07.2011, 18:56
Հայաստանում լեռնային տուրիզմի զարգացման հսկայական ներուժ կա. Ֆեդերացիայի փոխնախագահ
Հայաստանում լեռնային տուրիզմի զարգացման հսկայական ներուժ կա. Ֆեդերացիայի փոխնախագահ

Հայաստանը չափազանց գրավիչ երկիր է՝ լեռնային տուրիզմի և ալպինիզմի զարգացման համար, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը:

«Բնական պայմանները այլ երկրների համեմատ Հայաստանին հսկայական առավելություն են տալիս լեռնային տուրիզմի զարգացման համար: Երկրի լեռնային ռելիեֆը կարող է հզոր հիմք ծառայել ալպինիզմի զարգացման համար, իսկ լեռնագնացային երթուղիների տեսակետից Հայաստանը կարող է առաջատար դառնալ ողջ աշխարհում», - ասաց Դանիելյանը:

Նա նաև ափսոսանքով նշեց, որ Հայաստանում լեռնային տուրիզմի հնարավորությունները գրեթե ներկայացված չեն աշխարհին:

«Մենք պետք է ավելի լուրջ վերաբերվենք դրանք՝ հաշվի առնելով երկրի հսկայական ներուժը: Մասնավորապես, մենք կարող ենք CNN կամ BBC հեռուստաալիքներով Հայաստանը ներկայացնել՝ որպես լեռնային տուրիզմի երկիր, և դա անպայման կտա իր արդյունքները», - ավելացրեց նա:

Դանիելյանի կարծիքով՝ Հայաստանում լեռնային տուրիզմի և ալպինիզմի զարգացմանը հիմնականում խոչընդոտում է համապատասխան օրենսդրական կարգավրոման բացակայությունը:

«Օրինակ, երկիր է այցելում մի զբոսաշրջիկ և ցանկանում է բարձրանալ Արագած լեռը: Սակայն մենք չունենք որևէ մարմին, ուր նա կարող է դիմել և տեղեկացնել, թե ուր է գնում, քանի օրով, որպեսզի արտակարգ պատահարի դեպքում փրկարարների օգնությունն ակնկալի: Այս ամենից հետևում է, որ նա պետք է հույսն իր վրա դնի, առանց պետական մարմինների աջակցության կամ դիմի մասնավոր կազմակերպությունների», - ասաց Դանիելյանը:

Խոսելով այլ երկրների գործընկերների հետ համագործակցության մասին՝ Դանիելյանը տեղեկացրեց, որ հայկական ֆեդերացիան սերտ կապեր է հաստատել Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի հետ, որի հրավերով Հայաստանի հավաքականը յոթ հոգուց բաղկացած կազմով հունիսի 30-ին մեկնել է Իրան և բարձրացել է Դեմավենդ լեռը (5 671), իսկ այս տարվա հոկտեմբերին հայկական թիմն իրանցի ալպինիստներին հրավիրել է Հայաստան:

Նա նշեց, որ այժմ ֆեդերացիան աշխատում է Ռուսաստանի և Վրաստանի ալպինիզմի ֆեդերացիաների հետ կապերի հաստատման ուղղությամբ: «Մենք մտածում ենք նաև ազգային հավաքականի ստեղծման մասին», - տեղեկացրեց Դանիելյանը:

Նրա խոսքերով՝ ֆեդերացիային կից գործում է անվճար ուսումնական կենտրոն, որտեղ կարող են դիմել բոլոր ցանկացողներն առանց տարիքային սահմանափակման: Ցանկացողները կարող են դիմել հետևյալ հասցեով՝ քաղաք Երևան, Արցախի փողոց 20:

Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան իր գործունեությունը սկսել է 2011 թվականի մարտի 1-ից: Ֆեդերացիայի նպատակներն են երկրում լեռնային սպորտաձևերի զարգացումը, երիտասարդության ներգրավումը ակտիվ հանգստին, Հայաստանի ներկայացումը միջազգային ալպինիստական կառույցներում: Ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը: --0—