Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարելու համար երկու ամբաստանյալների գործով երևանյան դատարանի դատավճիռն ուժի մեջ է մտել

13.07.2011, 15:59
Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարելու համար երկու ամբաստանյալների գործով երևանյան դատարանի դատավճիռն ուժի մեջ է մտել
Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարելու համար երկու ամբաստանյալների գործով երևանյան դատարանի դատավճիռն ուժի մեջ է մտել

Օրինական ուժի մեջ է մտել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. հոկտեմբերի 25-ի դատավճիռը, ըստ որի ամբաստանյալներ ՀՀ քաղաքացի Գևորգ  Հայրապետյանը և ԻԻՀ քաղաքացի Բեխնամ Բաղերին հանցավոր են ճանաչվել համապատասխանաբար լրտեսության ձևով պետական դավաճանություն և օտարերկրյա քաղաքացու կողմից լրտեսություն կատարելու համար, չորեքշաբթի հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Ամբաստանյալ Գ. Հայրապետյանի պաշտպանը ներկայացրել էր վճռաբեկ բողոք, ինչը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը վերադարձրել է` հիմնավորված չլինելու պատճառաբանությամբ։ Ըստ այդմ՝ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. հոկտեմբերի 25-ի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Դատարանը հիմնավորված համարելով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը՝ Գ.Հայրապետյանին դատապարտել էր 12 տարվա ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսության ձևով պետական դավաճանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել ու պահել), իսկ Բ. Բաղերիին՝ 10 տարվա ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածով (լրտեսություն, որը կատարվել է օտարերկրյա քաղաքացու կողմից):

Դատարանը ապացուցված էր համարել մեղադրող դատախազների ներկայացրած ապացույցներն առ այն, Գ. Հայրապետյանը, հավաքագրվելով ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ստացած առաջադրանքի հիման վրա, հավաքել և նրանց է փոխանցել գաղտնի տեղեկություններ ՀՀ զինված ուժերի մարտունակության եւ պաշտպանունակության վերաբերյալ, ինչպես նաև որոշակի տեսանյութեր՝ հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով:

Ադրբեջանական հատուկ ծառայություններից վերջին հանձնարարությունը Հայրապետյանը ստացել է 2009 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի, ազգությամբ ազերի Բաղերիից։

Հայրապետյանը Բաղերիին հյուրընկալել է իր տանը և ծրարով ստանալով հերթական առաջադրանքը՝ նրան հանձնել նյութեր, որոնք կարող էին օգտագործվել հակահայկական քարոզչություն ծավալելու համար։

Նյութերը հայտնաբերվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Մեղրիի «Կարչևան» սահմանային անցակետում կատարված ստուգման ժամանակ՝ Բաղերիի պայուսակի ստորին մասի տակդիրում հարմարեցված գաղտնարանից: Նախաքննության ընթացքում Գ. Հայրապետյանի բնակարանում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է նաև հրազեն և ռազմամթերք:

Դատարանը հիմնավորված համարելով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը՝ Գ.Հայրապետյանին դատապարտել էր 12 տարվա ազատազրկման։

Տվյալ քրեական գործով դատավարությունն անցել է փակ դռների ետևում։ Ամբաստանյալներն ապահովվել են փաստաբաններով, իսկ Իրանի քաղաքացին՝ նաև թարգմանիչով։ -0-