Չնայած ղարաբաղյան հակամարտության լուծված չլինելուն՝ Հայաստանով ճանապարհորդելն անվտանգ է. UN WTO

12.07.2011, 16:04
Չնայած ղարաբաղյան հակամարտության լուծված չլինելուն՝ Հայաստանով ճանապարհորդելն անվտանգ է. UN WTO
Չնայած ղարաբաղյան հակամարտության լուծված չլինելուն՝ Հայաստանով ճանապարհորդելն անվտանգ է. UN WTO

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Չնայած ղարաբաղյան հակամարտության լուծված չլինելուն՝ Հայաստանով զբոսաշրջիկների ճանապարհորդությունն ավելի անվտանգ է, քան Եվրոպայի ապահով երկրներում, կարծում է ՄԱԿ-ի Համաշխարհային տուրիստական կազմակերպության (UN WTO) փորձագետ Էլեն Բերմանը։

«Զբոսաշրջությունը շատ զգայուն է հակամարտությունների նկատմամբ, և Հարավային Կովկասում ղարաբաղյան խնդրի առկայությունը կարող է շատերին վախեցնել։ Հարկավոր է Հայաստանի, ինչպես նաև Վրաստանի դրական կերպար ձևավորել, չէ՞ որ իրականում դրանք շատ անվտանգ երկրներ են զբոսաշրջության համար»,  - երեքշաբթի ասաց նա հայ լրագրողներին։

Բերմանի խոսքերով՝ չնայած հակամարտություններին` Հարավային Կովկասը պետք է զարգանա, և դա կարող է դրական գործոն լինել  ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։

 «Կարծում եմ, որ զբոսաշրջությունը կարող է նպաստել հարևանների միջև մեծ փոխըմբռնման հաստատմանը, օգնել Հարավային Կովկասի երկրների բնակիչներին տեսնել միմյանց բացառիկ որակները, որոնց մասին նրանք նույնիսկ չեն էլ կասկածել», - նշեց փորձագետը։

UN WTO-ի «Themis» հիմնադրամի կամավորական ծրագրի ղեկավար Լուկա Մանոկին տեղեկացրեց, որ UN WTO-ի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում նախատեսվում է Վրաստանի և Հայաստնի՝ որպես միասնական տուրիստական տարածաշրջանի զարգացմանն ուղղված վեցամսյա ծրագրի իրագործումը։

«Հարավային Կովկասում զբոսաշրջության զարգացման նախաձեռնության մասին» հուշագիրը ստորագրվել է հուլիսի 5-ին Երևանում UN WTO-ի գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի կողմից։

«Կարծում ենք, որ հարկավոր է շեշտադրել երկու երկրների՝ որպես միասնական տարածաշրջանի համագործակցությունը, որն ի վիճակի է մրցել տուրիստական այլ կենտրոնների հետ», - ընդգծեց նա։

Մանոկին նաև ավելացրեց, որ շեշտն առաջին հերթին կդրվի ոչ թե երկու երկրների նյութական, այլ հոգևոր արժեքների վրա։

«Իհարկե, այստեղ հիասքանչ բնություն է, բացառիկ հնագույն եկեղեցիներ, սակայն մենք ցանկանում ենք ցուցադրել Կովկասի յուրօրինակ հոգին և ժողովուրդների կոլորիտը, որոնք հայտնի են իրենց հյուրընկալությամբ և ջերմությամբ», - ասաց նա։

«Հարավային Կովկասում զբոսաշրջության զարգացման նախաձեռնության մասին» հուշագրի հիմնական նպատակը Հարավային Կովկասում տուրիստական քաղաքականության և մենեջմենթի շուրջ համագործակցության շրջանակների ձևավորումն է։ Նախաձեռնությունը թույլ կտա կողմերին լավագույն միջազգային փորձը ներդնել հարավկովկասյան տարածաշրջանի տուրիստական կենտրոններում և կլաստերներում։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2011 թ.-ի հունվար-մարտին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 22,1 տոկոսով և կազմել 113 հազար 515 մարդ։-0-