Ադրբեջանցիներին և թուրքերին չհաջողվեց ԵԱՀԿ ԽՎ բանաձևի մեջ հակահայկական ուղղումներ մտցնել

09.07.2011, 14:32
Ադրբեջանցիներին և թուրքերին չհաջողվեց ԵԱՀԿ ԽՎ բանաձևի մեջ հակահայկական ուղղումներ մտցնել

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական և թուրքական պատվիրակություններին չհաջողվեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի բանաձևի մեջ ղարաբաղյան հակամարտության հետ կապված մի շարք տերմիններին վերաբերող ուղղումներ մտցնել, լրագրողներին ասել է ԵԱՀԿ ԽԲ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը:

«ԵԱՀԿ-ի արդյունավետության և գործունության արմապնդում. նոր մեկնարկ Աստանայի գագաթնաժողովից հետո» բանաձևի օրինագիծը ներկայացվել է չորեքշաբթի Բելգրադում մեկնարկած ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանի ժամանակ:

Սաֆարյանի խոսքերով՝ Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներն առաջարկել են ուղղումներ մտցնել բանաձևի մեջ (որի հեղինակը խորվաթ պատգամավոր, Խորվաթիայի ԱԳ նախկին նախարար Տոնինո Պիցուլան է), որոնց համաձայն՝ առաջարկվում է «ղարաբաղյան հակամարտություն» տերմինը փոխարինել «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտություն» տերմինով:

«Ես դեմ էի՝ նշելով, որ մենք առարկում ենք նման ուղղման դեմ, քանի որ այն հակասում է ԵԱՀԿ-ի շրջանակներում անցկացվող Մինսկի գործընթացին ոգուն, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող տերմինաբանությանն ու պայմանավորվածություններին», - ասաց պատվիրակության ղեկավարը:

Նա ընդգծեց, որ ԵԱՀԿ-ի շրջանակներում ընդունված բոլոր փաստաթղթերում հակամարտությունը կոչվում է ղարաբաղյան:

«Մենք համոզված ենք, որ տերմինաբանության փոփոխության նման փորձն ապակառուցողական քայլ է», - հայտարարեց Սաֆարյանը:

Նա տեղեկացրեց, որ հայկական կողմի բողոքի արդյունքում առաջարկված ուղղումները չընդունվեցին:

«Պիցուլայի կողմից առաջարկված փաստաթուղթը կիրակի օրը կներկայացվի քվեարկության», - ավելացրեց պատվիրակության ղեկավարը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-