Արարատի և Ռոստովի մարզերի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

08.07.2011, 14:49
Արարատի և Ռոստովի մարզերի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Արարատի և Ռոստովի մարզերի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել ուրբաթ Դոնի Ռոստովում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցի շրջանակներում, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

«Հուշագիրը ստորագրել են մարզերի ղեկավարներ Էդիկ Բարսեղյանը և Վասիլի Գոլուբևը: Հուշագրով նախատեսվում է համագործակցություն սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթության և գիտության ոլոտներում», - նշվում է տեղեկատվության մեջ:

Հուշագիրը ստորագրվել է հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ`Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի ներկայությամբ:

Տիգրան Սարգսյանի Դոնի Ռոստով է մեկնել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական` 13-րդ նիստին մասնակցելու նպատակով։

 

ՀՀ կառավարության ղեկավարը նաև կայցելի «Ռոսսելմաշ» կոմբայնների գործարան:

Հուլիսի 9-ին Տիգրան Սարգսյանը կայցելի Դոնի Ռոստովի հայկական «Սուրբ Հարություն» եկեղեցի, կլինի Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում և կհանդիպի մարզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը,  գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, նախարարի առաջին տեղակալ Սամվել Գալստյանը, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը, կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը,  սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը, քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, կառավարության և նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: -0-