Բորդյուժան հիշեցնում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի գծով Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է` դրանից բխող բոլոր հետևանքներով

06.07.2011, 15:46
Բորդյուժան հիշեցնում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի գծով Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է` դրանից բխող բոլոր հետևանքներով
Բորդյուժան հիշեցնում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի գծով Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է` դրանից բխող բոլոր հետևանքներով

Հայաստանը ՀԱՊԿ-ի գծով Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, չորեքշաբթի Երևանում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ պատասխանելով Բաքվի ագրեսիայի և Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի դիրքորոշման մասին հարցին:

«Ցանկանում եմ կրկնել Ռուսաստանի նախագահի խոսքերը, որոնք նա ասել է մեկ տարի առաջ Հայաստանում՝ նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Այլ մեկնաբանություններ չեմ ցանկանում անել՝ հաշվի առնելով հարցի զգայունությունը», - ասել է Բորդյուժան:

Նա նաև նշել է, որ հակամարտող կողմերի միջև ընթանում են բարդ, սակայն դրական արդյունքի միտված բանակցություններ:

Բորդյուժան Երևանում մասնակցում է ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրանյութերի անօրինական շրջանառության կանխարգելման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստին:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-