«Իմ առաջին գիրքը» շարքի գրքերն առաջին անգամ թարգմանվել են հայերեն

22.02.2011, 19:01
«Իմ առաջին գիրքը» շարքի գրքերն առաջին անգամ թարգմանվել են հայերեն
«Իմ առաջին գիրքը» շարքի գրքերն առաջին անգամ թարգմանվել են հայերեն

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված «Դորլինգ Քինդերսլի» բրիտանական հրատարակության «Իմ առաջին գիրքը» շարքի առաջին տասը գրքերի հայերեն թարգմանության շնորհանդեսն է երեքշաբթի կայացել Երևանում:

««Իմ առաջին գիրքը» գրքերի շարքը բաղկացած է  ճանաչողական բնույթի շուրջ 10 հազար անուն գրքից, որոնք «Վէմ» հրատարակչությունը ծրագրում է հետևողականորեն հրատարակել 2011 թ.-ի ընթացքում», - շնորհանդեսի ժամանակ ասաց «Վէմ» հայկական հրատարակչության ղեկավար տեր Մեսրոպ քահանա Արամյանը:

Նրա խոսքերով՝ գրքերի շնորհանդեսը կնշանավորի «Խոսենք հայերեն» մշակութային քարոզարշավի մեկնարկը, որի շրջանակներում առաջիկա երկու-երեք ամսվա ընթացքում կկազմակերպվեն հեռուստահաղորդումներ և հանդիպումներ:

Արամյանը նշեց, որ այս շարքի առաջին տասը գրքերը լույս են տեսել 5 հազար տպաքանով, որոնց միջին գինը երկու-երեք հազար դրամ է (5,5-8 դոլար):

Ինչպես նշեց քահանան, գրքերի մեծ մասը բարեգործական նպատակներով կբաժանվի մանկատներին, բնակչության սոցիալապես անապահով խավերին:

Կարևորելով գրքերի հայերեն թարգմանությունը՝ Արամյանը նշեց, որ «Իմ առաջին գիրքը» շարքի գրքերը ընդգրկում են հազարավոր բառեր, որոնք անհրաժեշտ են նախադպրոցական տարիքի երեխաների համար: Նրա խոսքերով՝ կարևոր է պահպանել հայերենի անաղարտությունը, մասնավորապես՝ երեխաների հետ շփվելիս:

Մասնավորապես «Խոսենք հայերեն» մշակութային քարոզարշավի գործընկեր, Հայաստանի առաջատար բջջային օպերատոր VivaCell-MTS ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր հերթին կարևորեց գրքերի թարգմանությունը՝ որպես մայրենի լեզվի պահպանման կարևորագույն միջոց:

«Նմանատիպ գրքերը երեխաներին դնում են ճիշտ ուղու վրա, սովորեցնում են նրանց օգտագործել ճիշտ բառեր և չշփոթել դրանք օտարալեզու բառերի հետ, որոնք վերջերս ակնհայտ են դարձել, քանի որ նման կերպ մենք կարող ենք աստիճանաբար կորցնել մեր հայերեն լեզուն, որը ներկայացնում է մեր ինքնությունը և ազգային պատկանելությունը», - նշեց Յիրիկյանը:

Նա նաև նշեց, որ հայերենով գրքերի հրատարակման գործում ընկերության մասնակցությունը առաջին փորձը չէ, քանի որ բջջային օպերատորը իր սոցիալական կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում ամեն տարի հրատարակում է հայկական հուշարձանների, արվեստի և ճարտարապետության մասին պատմող գրքեր:

«Իմ առաջին գիրքը» շարքը ներառում է հետևյալ գրքերը՝ «Ագարակ», «Բառեր», «Բեռնատարներ», «Գույներ», «Թվեր», «Կենդանիներ», «Հականիշներ», «Մարմին», «Շարժվող առարկաներ», «Տնային կենդանիներ»:

«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) աշխարհահռչակ բրիտանական հրատարակչությունը հիմնադրվել է 1974 թ.-ին, այն մասնագիտանում է գիտահանրամատչելի, ճանաչողական և մանկական գրականության լույս ընծայման մեջ: Բրիտանական հրատարակչության «Իմ առաջին գիրքը» մանկական շարքը թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով և լույս է տեսել մասնավորապես ԱՄՆ-ում, Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Ռուսաստանում, Հնդկաստանում, Չինաստանում:-0-