ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Գերմանիայի Դաշնության արտաքին գերատեսչության պետական նախարար Գերնոտ Էրլերի հետ կիրակի օրը տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել է ներքաղաքական ճգնաժամին առնչվող հարցեր, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայ ազգային կոնգրեսից (ՀԱԿ)։
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, Գերնոտ Էրլերի գլխավորած պատվիրակության կազմում էին նաև Բունդեսթագի գերմանահարավկովկասյան խորհրդարանական խմբի ղեկավար Շտեֆան Ռայխեն և ԳԴՀ արտաքին գերատեսչության Կենտրոնական Ասիայի և Հարավային կովկասի երկրների բաժնի աշխատակցուհի Աննա Լյութերը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա-Յոանա Մարիա Վիկտորինը և ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական ճգնաժամին, Հայաստանում ժողովրդավարության հաստատման և առաջիկա քաղաքապետական ընտրություններին առնչվող հարցեր:
Կարծիքներ են փոխանակվել նաև ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: -0-