«Եդինայա Ռոսիան» և «Բարգավաճ Հայաստանը» համագործակցություն են հաստատում

27.02.2019, 11:38
«Եդինայա Ռոսիա» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները փոխգործակցության և համագործակցության արձանագրություն են ստորագրել։
«Եդինայա Ռոսիան» և «Բարգավաճ Հայաստանը» համագործակցություն են հաստատում

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. «Եդինայա Ռոսիա» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները երեքշաբթի փոխգործակցության և համագործակցության արձանագրություն են ստորագրել։ Այս մասին, ՏԱՍՍ–ի հաղորդմամբ, լրագրողներին տեղեկացրել են «Եդինայա Ռոսիա» կուսակցության մամուլի ծառայությունից։

Փաստաթուղթը ստորագրել են «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Կլիմովն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։


«Այս արձանագրությունը մենք ստորագրել ենք մեր կուսակցությունների ղեկավարության հանձնարարությամբ։ Վերջին հաշվով այն կնպաստի մեր պետությունների միջև համագործակցության ամրապնդմանը։ Եվ դա ամբողջությամբ համապատասխանում է այն քաղաքականությանը, որը վարում է Ռուսաստանը ու, հուսով եմ, վարում է Հայաստանը, այդ թվում` միջազգային ասպարեզում», – մեջբերում է մամուլի ծառայությունը Կլիմովի խոսքերը։

Նա նաև նշել է, որ փաստաթուղթը կապահովի կուսակցությունների համագործակցության համար անհրաժեշտ հիմք` ուղղված հետխորհրդային տարածքի զարգացմանը` «հանուն խաղաղության և անվտանգության»։ Կլիմովը նաև առաջարկել է ապրիլին շարունակել երկխոսությունը կուսակցությունների միջև։

Մելքումյանն իր հերթին նշել է, որ երկրում խորհրդարանական ընտրություններից հետո պահպանվում են ռուսամետ տրամադրությունները։ «Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն առաջնահերթություն է, այն մեր ռազմավարական մոտեցումն է», – մեջբերում է մամուլի ծառայությունը Մելքումյանի խոսքերը։

«Մեր կուսակցության հիմնական ուղղվածություններից է եվրասիականն ու ամբողջական ինտեգրումը մեի ռազմավական գործընկեր Ռուսաստանի հետ», – ընդգծել է Մելքումյանը։

Դեկտեմբերի 9–ին Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ` «Իմ քայլը» դաշինքը (70,42%), «Լուսավոր Հայաստան» (6,37%) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները (8,26%)։–0–