Ռուսական պատվիրակության անդամը ներկայացրեց ռուս-ուկրաինական առաջին բանակցությունների մանրամասները

28.02.2022, 21:30
Մանրամասներ ռուս-ուկրաինական առաջին բանակցություններից
Ռուսական պատվիրակության անդամը ներկայացրեց ռուս-ուկրաինական առաջին բանակցությունների մանրամասները
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները բանակցությունների ընթացքում գտել են կարևոր կետեր, որոնց շուրջ հնարավոր է հասնել առաջընթացի: Այս մասին հայտարարել է ՌԴ պատվիրակության անդամ, Պետդումայի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք գտել ենք մի շարք կարևոր կետեր, որոնց շուրջ հնարավոր է հասնել առաջընթացի: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա մոտ օրերս», - ասել է նա:

 Պատգամավորի խոսքով, կողմերը «լսել են միմյանց»:

«Բանակցությունները բարդ են... Ուկրաինական պատվիրակությունը պատրաստ էր լսել և մասնակցել այսօր օրակարգում ներառված հարցերի էության մանրամասն քննարկմանը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ մենք չէինք բացառում, որ նման խոսակցություն կարող էր չստացվել, բայց այն ստացվեց», - նշել է քաղաքական գործիչը:

Սլուցկու խոսքով, հաջորդ հանդիպման ժամանակ տեղի կունենա կոնկրետ խոսակցություն այն կետերի հարցով, որոնց շուրջ հնարավոր էր հասնել առաջընթացի: Պատգամավորը պարզաբանել է, որ առաջիկա օրվա ընթացքում ռուսական պատվիրակությունը երկրի ղեկավարության հետ կքննարկի առաջին բանակցությունների արդյունքները:

Նշենք, որ այսօր տեղի ունեցան ռուս-ուկրաինական առաջին բանակցությունները, հանդիպումը տևեց հինգ ժամ: Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Պատվիրակության կազմում են պաշտպանության և արտգործնախարարության ղեկավարների տեղակալներ Ալեքսանդր Ֆոմինն ու Անդրեյ Ռուդենկոն, Պետդումայի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:

Ուկրաինական կողմը ներկայացնում են պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, Դոնբասում կարգավորման կոնտակտային խմբում ուկրաինական պատվիրակության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Կոստինը, պատգամավոր Ռուստեմ Ումերովն ու արտգործնախարարի տեղակալ Նիկոլայ Տոչիցկին:-0-