Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո թուրք գործիչը կոչ է արել փակել «Ինջիրլիք» ամերիկյան ավիաբազան

25.04.2021, 00:50
ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո թուրք գործիչը կոչ է արել փակել «Ինջիրլիք» ամերիկյան ավիաբազան
Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո թուրք գործիչը կոչ է արել փակել «Ինջիրլիք» ամերիկյան ավիաբազան
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Թուրքիան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո պետք է անմիջապես ամբողջական վերահսկողություն սահմանի «Ինջիրլիք» ավիաբազայի նկատմամբ և Միացյալ Նահանգներ վերադարձնի այնտեղ գտնվող ամերիկացի զինծառայողներին:

Ինչպես հաղորդում է tert.am–ը, հղում անելով ՏԱՍՍ գործակալությանը, նման կարծիք է հայտնել «Հայրենիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը:

«Թուրքիայի զինված ուժերը պետք է անհապաղ լիակատար վերահսկողություն սահմանի «Ինջիրլիք» ավիաբազայի նկատմամբ և 15 օրվա ընթացքում տուն վերադարձի այնտեղ գտնվող ամերիկացի զինվորականներին»,- հայտարարել է թուրք գործիչը:

Փերինչեքի խոսքով՝ Բայդենի հայտարարությունից հետո Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները կարող են բարելավվել: Նրա կարծիքով՝ Բայդենի հայտարարությունն ուղղված է Թուրքիայի, Ասիայի, Ռուսաստանի և Չինաստանի դեմ:

Գործիչը կարծիք է հայտնել նաև, որ Ցեղասպանության ճանաչումը Բայդենի կողմից հաստատում է Էրդողանի վարչակազմի տապալման նրա ցանկությունը:–0–