ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ուրբաթ լրագրողների հետ զրույցում նշել է, որ չի կարող որևէ կերպ մեկնաբանել BCC–ի ռուսական ծառայության աղմկահարույց հոդվածը Մարտի 1–ի գործով։
BCC–ի ռուսական ծառայությունը օրերս հրապարակել է «Ո՞վ է սպանել ցուցարարներին Երևանում 2008թ.–ին»։ Քննությունը կարծում է, որ դա եղել է արցախյան ջոկատ» հոդվածը։ Նյութը վերաբերում է 2008թ.–ի մարտի 1–ի դեպքերին և դրանց փաստով հարուցված գործին, որի դերակատարներից է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով այժմ կալանավորված է, ինչպես նաև պաշտպանության նախկին փոխնախարարները, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովն ու նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Հոդվածի հեղինակը, մասնավորապես հղում անելով քննության փաստաթղթերի նկատմամբ բացառիկ հասանելիությանը, նշում է, որ քննության կարծիքով` «ցուցարարների ուղղությամբ կրակելու հրաման է տվել գեներալ–մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկին)»։
«BBC–ին որևէ փաստաթուղթ չի ներկայացնում, հղում է անում այն տվյալներին, որոնք ենթադրաբար ստացել է Հատուկ քննչական ծառայությունից։ Սակայն որքանով է դա համապատասխանում իրականությանը, ես չեմ կարող մեկնաբանել», – նշեց Ավինյանը` հավելելով, որ մնացած բոլոր հարցերը պետք է տալ իրավապահ համակարգին։–0–