ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է նախագահի և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը, հինգշաբթի հայտարարեց ՀՀ նախագահը կառավարության նիստի ժամանակ։
«Այժմ մենք շարունակելու ենք միասնական և կուռ թիմով հետևողականորեն իրականացնել արդեն նախանշված ծրագրերը: Թիմը միասնական է գործելու ինչպես գործադիրում և օրենսդիրում, այնպես էլ՝ տեղական ինքնակառավարման մարմիններում: Կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը», – ասաց ՀՀ նախագահը։
Նկատի առնելով, որ նորանշանակ կառավարության անդամների հետ հանդիպումը տեղի է ունենում Ազգային ժողովի կողմից կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը հավանության արժանանալուց հետո` հանրապետության նախագահը առաջին հերթին շնորհավորել է կառավարության անդամներին իրենց պաշտոններում նշանակվելու առթիվ, ապա անդրադարձել այն խնդիրներին, որոնք կառավարության ծրագրի հաստատումից հետո այս շրջափուլում դրվում են գործադիր իշխանության առջև՝ նախանշված ծրագրերը հետևողականորեն իրականացնելու համար, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Առաջին հերթին, իհարկե, շնորհավորում եմ բոլորիդ ձեր պաշտոններում նշանակվելու, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ հիմնականում վերանշանակվելու առթիվ: Այսպիսով, ապահովվել են գործադիրի աշխատանքի շարունակականությունը, և կան բոլոր հնարավորությունները նախկինում սկսված ծրագրերը հաջողությամբ ավարտին հասցնելու համար», – ասաց երկրի ղեկավարը։
«Երևանի քաղաքապետի պաշտոնամուտի առթիվ իմ խոսքում ընդգծել էի, որ մայրաքաղաքի ավագանու ընտրություններով մենք ավարտեցինք 2017 թվականի ընտրական շրջանը: Կառավարության ծրագրի հաստատմամբ կարող ենք ազդարարել գործադիր իշխանության նոր շրջափուլի մեկնարկը: Մեր խնդիրն է այդ շրջափուլն անցկացնել արդյունավետ և հնարավորինս անցնցում» , – նշեց ՀՀ նախագահն ու ավելացրեց, որ անցած ընտրություններում Հանրապետականը ստացավ անհրաժեշտ վստահության քվեն իր աշխատանքը շարունակելու համար:
«Մեր ստացած մանդատը բավարար էր միայն Հանրապետականի ուժերով կառավարություն ձևավորելու համար: Սակայն մենք որոշեցինք շարունակել նախկինում ստեղծված ձևաչափով համագործակցությունը: Հայ Հեղափոխական Դաշնակցության մեր գործընկերների հետ միասին մենք ձևավորել ենք մի կառավարություն, որը, վստահ եմ, ունակ է լուծելու իր առջև դրված բոլոր խնդիրները», – նշեց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ շարունակելու են միասնական և կուռ թիմով հետևողականորեն իրականացնել արդեն նախանշված ծրագրերը:
Միաժամանակ նա ընդգծեց, որ ինքը` որպես հանրապետության նախագահ և Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար, ինչպես նաև ներկաները, վստահ է, որ չկա որևէ նախապաշարում։
«Մենք պատրաստ ենք աշխատելու բոլոր կառուցողական ուժերի հետ գործադիր և օրենսդիր իշխանությունների շրջանակում, տեղական ինքնակառավարման մարմիններում և անգամ նշված կառույցներից դուրս», – ասաց ՀՀ նախագահը։
«Նման համագործակցության համար մեր կողմից միակ նախապայմանն է քաղաքավարության և բարեկրթության նորմերի պահպանումը: Ընդ որում ընդգծեմ, որ քննադատությունը նշածս նորմերի խախտում չենք համարում, հատկապես, եթե այն կառուցողական է և նպատակ ունի բարելավելու իրավիճակը», – նշեց Սերժ Սարգսյանն ու ավելացրեց, որ Հայաստանն այժմ Սահմանադրության վերափոխման անցումային շրջանում է, իսկ «դա նշանակում է, որ մինչև մյուս տարվա ապրիլի կեսը պետք է կատարենք բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ: Այդ աշխատանքը հաջողությամբ առաջ տանելու համար անհրաժեշտ է գործել նպատակասլաց և սերտորեն համադրել կառավարության ու Ազգային ժողովի քայլերը»։
ՀՀ նախագահն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչպես պետք է իրականացվի կառավարության ծրագիրը:
«Թափանցիկությունը լինելու է գործունեության կարևորագույն չափանիշներից մեկը: Այն պետք է լինի ոչ միայն աշխատաոճ, այլև Հայաստանի Սահմանադրության՝ վերափոխված պահանջներին համապատասխանելու և նոր քաղաքական մշակույթ ձևավորելու մեր ընդհանուր ջանքը: Ձեզնից յուրաքանչյուրն անձամբ պետք է չափանիշներ սահմանի և օրինակ ծառայի ուրիշների համար: Ձեզնից է կախված ոչ միայն ձեզ վստահված ոլորտի, այլև մեր ընդհանուր առաջընթացը: Դուք եք սահմանելու այդ առաջընթացի դինամիզմն ու տեմպը», – ասաց ՀՀ նախագահը։
Նրա խոսքով, այս առումով անցած տարիների փորձից կարելի է կատարել մի շարք եզրակացություններ:
«Առաջինը, հաջողություն ենք արձանագրել այն բարեփոխումների պարագայում, որոնք հետևողականորեն և մանրակրկիտ բացատրել ենք հասարակությանը: Որքան էլ ցավոտ են եղել այդ ծրագրերը, հասարակությունը նման աշխատանքի շնորհիվ հստակ գիտակցել է դրա կարևորությունը և ընդունել է դրանք՝ միգուցե սկզբում դժկամությամբ, բայց այնուհանդերձ ընդունել է», – նշեց երկրի ղեկավարը` հավելելով, որ կառավարության անդամները երբեք չպետք է զլանան իրենց անելիքը հանրությանը ներկայացնել ու բացատրել:
«Այդպիսի մի կարևոր աշխատանք այս պահին ունենք իրականացնելու համայնքների խոշորացման ծրագիրն իրագործելու ուղղությամբ: Մենք պետք է հետևողականորեն բացատրենք այս բարեփոխման անհրաժեշտությունը, մեր եղած սուղ միջոցները ճիշտ բաշխելու և արդյունավետ կառավարելու կարիքը», – ասաց ՀՀ նախագահը։
Նրա խոսքով` թափանցիկությունն ինքնանպատակ չէ և, անշուշտ, ինքնադրսևորման միջոց չէ:
«Թափանցիկության հիմնական նպատակն է կոռուպցիայի և հովանավորչության վերացումը: Պետական ծախսերի, գնումների համակարգը պետք է լինի ամբողջովին վերահսկելի ինչպես խորհրդարանի, այնպես էլ մեր ողջ հասարակության համար: Այժմ մենք ներդնում ենք կոռուպցիայի դեմ պայքարի նոր և բավականին ազդեցիկ միջոցներ, և այդ միջոցները պետք է համադրվեն մեր նպատակասլաց աշխատանքի հետ», – ընդգծեց Սերժ Սարգսյանը։
«Մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել մեզ համար արտաքին քաղաքական միջավայրը բարելավելու ուղղությամբ, սակայն պատրանքներ չպետք է ունենանք: Մենք պետք է աշխատենք՝ ելնելով այն կանխադրույթից, որ մեր անբարյացկամ հարևանների հետ հարաբերություններում որևէ դրական փոփոխություն այժմ տեղի չի ունենում», – նշեց ՀՀ նախագահը։
Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց բոլորին և մաղթեց հաջողություն։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին և հավաստիացրել, որ այն ծրագիրը, որ ձևավորել է թիմը, գործադիրը իրագործելու է:
Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը շատ լավ հասկանում է՝ ինչ սպասումներ ունի հասարակությունը գործադիրից և հասկանում է նաև, որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու: Սակայն, վարչապետ Կարապետյանի հավաստմամբ, կառավարությունը շատ վճռական է տրամադրված և բոլոր նախատեսված ծրագրերը իրագործելու է:–0–