Փաշինյան. Պուտինն առաջարկել է տեղափոխել ՀԱՊԿ գագաթնաժողովը
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է տեղափոխել ՀԱՊԿ գագաթնաժողովը, որը պետք է կայանար դեկտեմբերի 6–ին Սանկտ Պետերբուրգում։
Այս մասին շաբաթ օրը Վայոց Ձորում լրագրողներին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահն առաջարկել է, որ ելնելով ստեղծված իրավիճակից` ամսի 6–ին մենք չանցկացնենք ՀԱՊԿ գագաթնաժողովը, այլ աշխատանքային կարգով կազմակերպենք քննարկում և հետո միայն հանդես գանք պատրաստի որոշումներով։ Ես համաձայնվեցի, քանի որ կարծում եմ, որ ավելի ճիշտ է լուծել այս հարցն աշխատանքային ընթացակարգերով», – նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով, քանի որ հիմա կողմերը չեն եկել կոնսենսուսի, իմաստ չունի կրկնել Աստանան (նոյեմբերի 8–ին կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովը, խմբգր.), ինչը կառուցողական չէ։
«Պայմանավորվածությունը հետևյալն է. մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները մինչև գանք կոնսենսուսի», – ասաց Փաշինյանը։
Նոյեմբերի 8–ին ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդներին Աստանայի գագաթնաժողովի ժամանակ չհաջողվեց գալ կոնսենսուսի կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցում։–0–

