ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեքշաբթի հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի»
գործով փոխհատուցման որոշումը։
Հայցը ներկայացվել էր 2006 թ.–ին Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի (Շահումյանի շրջանը 1992 թ.–ին գրավվել է Ադրբեջանի կողմից) նախկին բնակիչ Մինաս Սարգսյանի կողմից, ում բռնի կերպով արտաքսել են ղարաբաղյան հակամարտության ժամանակ։ Հայցվորը, ով մահացել է 2009 թ.–ին, պահանջել է 374.814 եվրո փոխհատուցում Գյուլիստանից բռնի կերպով արտաքսվելու և այնտեղ թողած ունեցվածքի համար։ Սարգսյանի մահից հետո նրա այրին ու երեխաները ճանաչվել են իրավահաջորդներ։
ՄԻԵԴ–ի որոշմամբ, Ադրբեջանը պետք է վճռից հետո երեք ամսվա ընթացքում 35000 եվրո փոխհատուցում վճարի Մինաս Սարգսյանի երեխաներին` Վլադիմիրին ու Ծովինարին, նյութական և ոչ նյութական վնասի համար։
Նույն օրը ՄԻԵԴ–ը որոշում է ընդունել նաև «Չիրագովը և ուրիշներն ընդդեմ Հայաստանի»
գործով։
Հայցը ներկայացվել է Էլհան Չիրագովի, Ադիշիրի Չիրագովի, Ռամիզ Ջեբրայիլովի, Ակիֆ Հասանովի, Ֆեհրեդի Փաշաևի ու Սաղաթել Ջաբրայիլովի կողմից։ Ինչպես նշվում է դատարանի որոշման մեջ, նրանք բնակվել են Լաչինում, սակայն 1992 թ.–ին ռազմական գործողությունների հետևանքով փախչել են` թողնելով ունեցվածքը։
Հայաստանը երեք ամսվա ընթացքում պետք է հայցվորներից յուրաքանչյուրին վճարի 5 հազարական եվրո, ինչպես նաև 28,642,87 ֆունտ ստեռլինգ (մոտ 32 475 եվրո)։–0–