Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող ֆրանսիական նոր օրինագծի տեքստը գրեթե պատրաստ է
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող ֆրանսիական նոր օրինագծի տեքստը գրեթե պատրաստ է և առաջիկայում կներկայացվի հանրությանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հաղորդմամբ` դիվանագետն ընդգծել է, որ օրինագիծը չի վերաբերում միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ՝ Ֆրանսիայի կողմից ճանաչված բոլոր ցեղասպանություններին:
«Այս հունվարին Ֆրանսիայի հայկական կառույցների համակարգող ժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ելույթ ունեցավ և հստակորեն ասաց, որ պետք է կրկին սկսել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման գործընթացը: Հստակ հանձնարարություն տրվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ Ժան-Պոլ Կոստային՝ ձեռնամուխ լինել նոր օրինագծի մշակման աշխատանքներին: Ենթադրում եմ, որ նոր օրինագծի տեքստը գրեթե պատրաստ է: Առաջիկայում մենք օրինագծի մասին կլսենք», – հայտարարել է Շարպանտիեն։
2011 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն տվեց պատգամավոր Վալերի Բուայեի ներկայացրած օրինագծին, ըստ որի, քրեականացվում էր Հայոց ցեղասպանության ժխտումը:
Հաջորդ տարվա հունվարին օրինագիծն անցավ նաև Ֆրանսիայի Սենատում, սակայն մեկ ամիս անց՝ փետրվարին, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը երկրի Սահմանադրությանը հակասող ճանաչեց Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող այդ օրինագիծը՝ նշելով, որ «ցեղասպանության ժխտման համար տույժ և քրեական պատասխանատվություն սահմանելով, օրենսդիրները հակասահմանադրական ոտնձգություն են կատարել խոսքի և արտահայտման ազատության նկատմամբ»:
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից էր:–0–

