ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները, երկուշաբթի հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուս միջնորդ Իգոր Պոպովը։
«Հույս ունենք, որ կողմերը կշարունակեն քաղաքական երկխոսությունը, որը վերսկսելու անհրաժեշտության մասին մենք խոսել ենք և' Բաքվում, և' Երևանում։ Այդ բանակցությունները հանգեցնում են նրան, որ երկու երկրների նախագահները շահագրգռված են խաղաղ բանակցությունները շարունակելու հարցում», – ասել է Պոպովը լրագրողներին Բաքվում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
Загружается новость ... "Лево"
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։
Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-