Միջնորդները հաստատում են բանակցություններին Արցախի միանալու հնարավորությունը
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաստատում են բանակցություններին որոշակի փուլում Ղարաբաղի միանալու հնարավորությունը:
Ապրիլի 2-ից 5-ն ադրբեջանական զինված ուժերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ
«Մենք բազմիցս ասել ենք, որ որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Ելնում ենք նրանից, որ խաղաղ համաձայնագրի նախապատրաստման անցնելուն նախորդող շրջանակային պայմանավորվածությունը կարող էր (բանակցություններին Արցախի մասնակցության) ելակետ դառնալ»,- ասաց ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը:Պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության` Ղարաբաղը ցանկացած կարգավիճակում Ադրբեջանի կազմում ընդգրկելու անհնարինության մասին հարցին` Պոպովն ասաց, որ «դա բանակցությունների առարկա է»:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

