ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատարը հանդիպում է ունեցել The HALO TRUST բրիտանական կազմակերպության ղարաբաղյան գրասենյակի ղեկավարի հետ

13.01.2012, 19:16
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատարը հանդիպում է ունեցել The HALO TRUST բրիտանական կազմակերպության ղարաբաղյան գրասենյակի ղեկավարի հետ

Ուրբաթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է բրիտանական ոչ կառավարական The HALLO TRUST   կազմակերպության ղարաբաղյան գրասենյակի ղեկավար Նիկ Սմարթին, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նիկ Սմարթը հաղորդել է, որ արտաքին քաղաքական գերատեսչություն իր այս այցելությունը կրում է ճանաչողական բնույթ: «Նա ներկայացրել է կազմակերպության 2012 թ. ծրագիրը, նշելով, որ կգործադրվեն բոլոր ջանքերը` շարունակելու և զարգացնելու The HALLO TRUST-ի և ԼՂՀ իշխանությունների միջև  հաստատված համագործակցության ավանդույթները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Զրույցի ընթացքում Վասիլի Աթաջանյանն ընդգծել և կարևորել է The HALLO TRUST-ի գործունեությունը ԼՂՀ տարածքի  մարդասիրական ականազերծման ուղղությամբ, վստահեցրել, որ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն այսուհետ ևս աջակցություն է ցուցաբերելու կազմակերպության գործունեությանը:

Հանդիպման մասնակիցները նշել են տարածաշրջանում խաղաղության և կայունության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը: -0-