2011թ.-ին Ղարաբաղի զբոսաշրջության ոլորտում զգալի առաջընթաց է նկատվում

27.12.2011, 18:46
2011թ.-ին Ղարաբաղի զբոսաշրջության ոլորտում զգալի առաջընթաց է նկատվում

2011թ.-ին Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջության ոլորտի ծրագրերում զգալի արդյունքներ են նկատվում, երեքշաբթի Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է  ԼՂՀ կառավարության զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:

Ըստ նրա՝ ընթացիկ տարում շարունակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը միջազգային տուրիստական ցուցահանդեսներին:

«Ղարաբաղն առանձին տաղավարով է մասնակցել Մադրիդի, Հռոմի և Լոնդոնի տուրիստական ցուցահանդեսներին, և ԼՂՀ-ն ներկայացվել է միջազգային տուրիստական շուկայում: Այդ առումով շատ կարևոր է մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ Ղարաբաղի համագործակցության սկիզբը»,- նշել է Շահվերդյանը:

Ղարաբաղի զբոսաշրջության վարչության ղեկավարը հայտնել է, որ Ադրբեջանն արդեն հաշտվել է  միջազգային տուրիստական ցուցահանդեսներին Լեռնային Ղարաբաղի պարբերաբար մասնակցության հետ և այդ առումով ոչ մի խոչընդոտ չի հարուցում:

Նա տեղեկացրել է նաև, որ այս տարի նաև շարունակվել են զբոսաշրջության ոլորտում համապատասխան նյութերի հրատարակման աշխատանքները:

«Մասնավորապես՝ հրատարակվել է Արցախի եկեղեցիների մասին պատմող գիրքը, Ստեփանակերտի տուրիստական քարտեզը, որը թույլ կտա զբոսաշրջիկներին կողմնորոշվել քաղաքում: Ընդհանուր առմամբ Ղարաբաղի զբոսաշրջության ոլորտի գործունեությունը 2011թ.-ին հաջող է եղել այն առումով, որ օրենսդրական դաշտը բարելավվելու ուղղությամբ ուղղակիորեն աշխատանքներ են անցկացվել»,- ասել է Շահվերդյանը:

Նա հայտնել է, որ ընթացիկ տարում ԼՂՀ կառավարությունը հարավային տուրիստական երթուղու զարգացման մասին որոշում է կայացրել, որը մեկնարկում է Ստեփանակերտից, անցնում է ԼՂՀ Ասկերանի և Հադրութի գյուղերի տարածքով, ինչպես նաև իր մեջ ներառում է Ամարաս վանքը և ԼՂՀ Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղի երկու հազարամյա սոսին: -0-