ԵԱՀԿ ՄԽ շնորհիվ ղարաբաղյան հակամարտությունը նոր պատերազմի չհանգեցրեց. Ֆասիե

22.12.2011, 10:39
ԵԱՀԿ ՄԽ շնորհիվ ղարաբաղյան հակամարտությունը նոր պատերազմի չհանգեցրեց. Ֆասիե
ԵԱՀԿ ՄԽ շնորհիվ ղարաբաղյան հակամարտությունը նոր պատերազմի չհանգեցրեց. Ֆասիե

Ղարաբաղյան հակամարտությունը լայնածավալ արյունալի պատերազմի չվերածվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան) ջանքերի շնորհիվ,  կարծում է ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ով իր առաքելությունն ավարտում է այդ պաշտոնում:

«Վերջին կես տարվա ընթացքում մենք հինգ անգամ հատեցինք շփման գիծը: Մենք ցանկանում էինք ցույց տալ, որ այդ գծերը մարդկանց միջև վերջնական պատնեշ պետք է չդառնան: Հակամարտության կողմերը համախմբում են ուժերը, որպեսզի ականազերծեն միջանցքը համանախագահների համար և անվտանգության երաշխիքներ տան. նշանակում է՝ նրանց համագործակցությունն ամեն դեպքում հնարավոր է»,- չորեքշաբթի Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Ըստ Ֆասիեի, ղարաբաղյան հակամարտության ուժային լուծումն անընդունելի է, քանի որ հակառակ դեպքում կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, ինչպիսին Առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծվեց Ֆրանսիայի և Գերմանիայի միջև:

«Վերջերս ես խոսեցի այդ մասին Փարիզում, սակայն որոշ լրագրողներ ասածիցս որոշ բառեր քաղելով՝ հիմար մեկնաբանություններ արեցին և շրջեցին իմ խոսքը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ չնայած այդ ժամանակ Ֆրանսիային հաջողվեց նվաճել Գերմանիայի կողմից օկուպացված տարածքների մի մասը, սակայն այդ հաղթանակի գինը շատ մեծ եղավ:

Վերջին շրջանում ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակումներ էին հայտնվել, որոնք դեկտեմբերի 9-ին կայացած Ֆրանսիայի Սենատի կլոր սեղանի ընթացքում Բեռնար Ֆասիեի ելույթի աղավաղված մեկնաբանություններն էին, մասնավորապես՝ «որպես ֆրանսիացի, ես լավ գիտեմ, թե ինչ է օկուպացիան» արտահայտությունը:
«Մենք այնքան շատ գումար  ծախսեցինք, իսկ ամենակարևորն այն է, որ այդքան շատ մարդկանց կորցրեցինք: Դա ցույց է տալիս, որ նույնիսկ Ադրբեջանի համար այդ պատերազմը ողջամիտ լուծում չի լինի: Կարևոր չէ, թե ով կհաղթի, դա մղձավանջ կլինի բոլորի համար»,- ընդգծեց Ֆասիեն:

Նա ավելացրեց, որ անկախ ամեն ինչից, աշխարհագրորեն Հայաստանը և Ադրբեջանը հարևաններ կմնան, և նրանք պետք է սովորեն խաղաղ գոյակցել:

«Այժմ կողմերի միջև պետք է բարելավել մթնոլորտը, և ես միայն ղեկավարներին նկատի չունեմ: Նման արյունահեղությունից, ատելության կուտակումից հետո խաղաղություն ստեղծելը, առաջին հերթին, կախված է Հայաստանի և Ադրբեջանի բնակիչների բարի կամքից: Այդ պատճառով բոլորիդ վրա՝ լրագրողների, զինվորականների, նախագահների, պատգամավորների, քաղաքական գործիչների ու մտավորականության վրա է դրված կարգավորման պատասխանատվությունը»,- ամփոփեց համանախագահը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-