Ինքնորոշված պետությունների համալսարանների ասոցիացիայի խորհրդի նիստն անցկացվել է Ստեփանակերտում

19.10.2011, 18:01
Ինքնորոշված պետությունների համալսարանների ասոցիացիայի խորհրդի նիստն անցկացվել է Ստեփանակերտում

Ինքնորոշված պետությունների համալսարանների ասոցիացիայի խորհրդի նիստն է անցկացվել նախօրեին՝ Արցախի պետական համալսարանում Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Մերձդնեստրի պետհամալսարանների ռեկտորների մասնակցությամբ, հաղորդում է Ստեփանակերտում «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը: 

Ինչպես նիստում հայտնել է ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, չորս տարի առաջ Աբխազիայի, Մերձդնեստրի և Հարավային Օսեթիայի պետհամալսարաններն Արցախի պետհամալսարանի հետ համատեղ ստեղծեցին Ինքնորոշված պետությունների համալսարանների ասոցիացիան և մշակեցին կառույցի կանոնադրությունը:

«Այսօր ասոցիացիան բավականին ակտիվ է գորրծում, և յուրաքանչյուր տարի չորս համալսարանների ներկայացուցիչներ հավաքվում են երկրներից մեկում ու լուծում ժամանակի թելադրած խնդիրները: Խորհրդանշական է, որ այս անգամ Ասոցիացիայի խորհրդի նիստն անցկացվում է այն ժամանակ, երբ մեր պետությունները նշեցին իրենց պետությունների անկախացման 20-ամյակը»,- ասել է Խաչատրյանը:
 
Ղարաբաղի կրթության նախարարն ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և գլոբալիզացման դարում չճանաչված պետությունների համալսարանների համագործակցությունը, կրթական և գիտական ծրագրերի կատարելագործմանը զուգընթաց, նպաստում է ժողովուրդների միջև սերտ կապերի հաստատմանը և օժանդակում երկրների միջազգային ճանաչման խնդրի լուծմանը:

Մերձդնեստրի պետական համալսարանի (ՄՊՀ) ռեկտոր Ստեփան Բերիլն իր հերթին նշել է, որ չորս բուհերն իրենց վրա են վերցրել կրթության և գիտության, ինչպես նաև ընդհանուր առմամբ պետության զարգացման պատասխանատվությունը:

«Մենք պետք է ցույց տանք մի շարք երկրների, որ մենք էլ իրավունքներ ունենք, և մտավորականության դերը բոլոր ժամանակներում և մեր ժամանակներում շատ կարևոր է: Ինձ ոգեշնչել է ղարաբաղյան հողը, այս երկրամասի պատմամշակութային հարուստ ժառանգությունը և Ղարաբաղի պատմության հերոսական էջերը: Ինքնորոշված չորս պետություններ տարբեր ուղիներ են անցել, սակայն վերապրել են կորուստների նույն ցավն ու դառնությունը»,- նշել է Բերիլը:

Աբխազիայի պետական համալսարանի ռեկտոր Ալեկո Գվամարիան հայտարարել է, որ իրենց անկախությունը տարբեր իրավիճակներում հռչակած պետությունների պետհամալսարանները զարգացման տարբեր փուլեր են անցել, սակայն նպատակը մեկն է եղել՝ կրթել և դաստիարակել երկրի արժանի սերունդ:

ԱրՊՀ-ի Գիտական խորհրդի որոշմամբ Մերձդնեստրի, Աբխազիայի և Հարավօսական պետական համալսարանների ռեկտորներին շնորհվել են ԱրՊՀ-ի դոկտորի պատվավոր կոչում: Բացի այդ, ԱրՊՀ-ում բացվել է քույր համալսարանների համագործակցության կենտրոն: -0-