Ղարաբաղի ԿԸՀ-ն հրապարակել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները

22.09.2011, 13:07
Ղարաբաղի ԿԸՀ-ն հրապարակել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է սեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների` թվով 5-րդ ընտրությունների արդյունքները, հաղորդում է գերատեսչության կայքում:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախապատրաստելու և պատշաճ մակարդակով անցկացնելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման հարցերը մշտապես գտնվել են հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում` նպատակաուղղելով ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների գործունեությունը ընտրությունների ազատ, անկողմնակալ և արդարացի անցկացմանը:

Հանրապետության 227 համայնքներից 209-ում անցկացվել են ՏԻՄ ընտրություններ, ընդ որում 148-ում համայնքների ղեկավարների, 206-ում` համայնքի ավագանու անդամների ընտրություններ, 18 համայնքներում ընտրություններ չեն անցկացվել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետը չլրանալու կապակցությամբ:

209 համայնքներում ինքնաառաջադրվել և հետագայում ՏարԸՀ-ների կողմից գրանցվել են համայնքների ղեկավարների 213 և ավագանու անդամների 1215 թեկնածուներ:  Համայնքների ղեկավարները ոչ բոլոր տեղերում են ընտրվել, որի կապակցությամբ վեց համայնքներում պետք է նոր ընտրություններ հայտարարվեն:

Ընտրությունների օրը 209 համայնքների հիմնական և լրացուցիչ ընտրացուցակներում ընդգրկված 93243 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 54697 ընտրողներ կամ նրանց 58,66%-ը: Ըստ վարչատարածքային միավորների, ընտրության մասնակցության տվյալները կազմում են՝ Ստեփանակերտ քաղաքում -    44,81 %, Ասկերանի շրջանում - 66,56 %, Հադրութի շրջանում - 67,70 %, Մարտակերտի շրջանում - 73,56 %, Մարտունու շրջանում - 63,01 %,  Շահումյանի շրջանում - 70,89%, Շուշիի շրջանում - 59,63 %, Քաշաթաղի շրջանում - 72,08 %: Նախորդ տարվա համեմատ ակտիվության ցուցանիշը գրեթե 2 տոկոսով նվազել է: Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2004թ.-ին կայացած տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ՝ ընտրողների թվի ավելի քան 66 տոկոսը:

2011 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով հանրապետությունում ընտրվել են 142 համայնքի ղեկավարներ և 206 համայնքներում` 1071 ավագանու անդամներ: Ընտրությունների նախապատրաստման և անցկացման բոլոր փուլերում ընտրական հանձնաժողովների գործունեությունը, նախընտրական քարոզչության իրականացման  և, հատկապես, քվեարկության կազմակերպման ու ընտրությունների արդյունքների ամփոփման աշխատանքները դիտարկում և լուսաբանում էին 7 միջազգային և 11 տեղական դիտորդներ, 31 լրագրողներ: Դիտորդների կողմից նշվել է, որ ՏԻՄ ընտրություններն անցկացվել են ԼՂՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, ազատ մրցակցության և ժողովրդավարության պայմաններում:


Քվեարկության օրը ստացված դիմում-բողոքները հիմնականում բանավոր բնույթի էին, որոնք ընտրական հանձնաժողովների կողմից անհապաղ ուսումնասիրվել և ընթացք են ստացել:

Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության համաձայն, Ստեփանակերտի նոր քաղաքապետ է դարձել ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Գրիգորյանը:

Գրիգորյանը հավաքել է 9581 ձայն կամ  62,57 %, 2004-2007թթ.-ին քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Էդուարդ Աղաբեկյանի օգտին է քվեարկել 3731 ընտրող կամ         24,36 %, իսկ ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր  Մարատ Հասրաթյանի  օգտին 2001 ձայն է տրվել կամ քվեարկողների թվի 13,07 %-ը:  Ընտրվել է նաև Ստեփանակերտի քաղաքային ավագանի` 44 թեկնածուից օրենքով սահմանված կարգով  15-ը: -0