Ֆրանսիայի պատգամավորները լավատեսություն են արտահայտում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կապակցությամբ

19.09.2011, 18:55
Ֆրանսիայի պատգամավորները լավատեսություն են արտահայտում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կապակցությամբ
Ֆրանսիայի պատգամավորները լավատեսություն են արտահայտում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կապակցությամբ

Ֆրանսիական Մարսել քաղաքի Ազգային գրադարանում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` «Լեռնային Ղարաբաղ. անկախության 20 տարի» թեմայով, որի կազմակերպիչներն էին Մարսելի քաղաքապետարանը և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը» տեղեկացրեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության փոխնախագահ, Մարսելի առաջին փոխքաղաքապետ Ռոլան Բլյումը, Մարսելի փոխքաղաքապետ Վալերի Բուայեն, Ռիշար Մալյեն, Գի Տեսյեն, Ֆրանսուա Ռոշբլուանը, ինչպես նաև շրջանային և քաղաքային իշխանությունների, հասարակայնության, հայկական համայնքի ներկայացուցիչներ և լրագրողներ:

Միջոցառման կազմակերպիչները ջերմորեն ողջունեցին հանդիսությանը ներկա գտնվող Ղարաբաղյան պատերազմի մասնակից գեներալ Նորայր Տեր-Գրիգորյանին: Ցուցադրվեց Արցախի «Ծիր կաթին» կինոստուդիայի նկարահանած «Արցախ-Ղարաբաղ» փաստագրական ֆիլմը:

Պատգամավորները կիսվեցին վերջին տարիներին ԼՂՀ կատարած այցելություններից ստացած տպավորություններով և շնորհավորեցին Արցախի ժողովրդին և իշխանություններին պետականության 20-ամյակի կապակցությամբ: Նրանք լավատեսություն արտահայտեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և ԼՂՀ միջազգային ճանաչման կապակցությամբ:

Հանդիսավոր միջոցառմանը ելույթ ունեցան Արցախի, Հայաստանի և սփյուռքի ներկայացուցիչները: --0-