Հայաստանի և ԼՂՀ-ի նախագահները ծաղկեպսակներ են դրել Ստեփանակերտի հուշահամալիրի մոտ

02.09.2011, 12:19
Հայաստանի և ԼՂՀ-ի նախագահները ծաղկեպսակներ են դրել Ստեփանակերտի հուշահամալիրի մոտ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և ԼՂՀ-ի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը ուրբաթ ծաղկեպսակներ են դրել Ստեփանակերտի հուշահամալիրի մոտ ԼՂՀ հռչակման 20-ամյակի տոնակատարությունների շրջանակներում, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից:

Արարողությանը ներկա էին Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ նախկին ղեկավար Արկադի Ղուկասյանը, ինչպես նաև ԼՂՀ ղեկավարության, հանրապետության մտավորականության ներկայացուցիչները, տարբեր երկրներից ժամանած հյուրեր, քաղաքական և հասարակական գործիչներ, լրագրողներ:

Սեպտեմբերի 1-ին հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում նոր ուսումնական տարին սկսվեց անկախության դասաժամերով, որոնց մասնակցեցին ղարաբաղյան շարժման ակտիվիստները, պետծառայողներն ու ԼՂՀ պաշտպանության բանակի սպաները

Ուրբաթ առավոտյան տոնական միջոցառումները սկսվեցին զինվորական շարասյունի հանդիսավոր քայլերթով Ստեփանակերտի փողոցներով և հանրապետության շրջկենտրոններով: Ողջ հանրապետությունում անցկացվում են մշակութային տարատեսակ տոնական միջոցառումներ

ԼՂՀ հռչակման 20-ամյակի կապակցությամբ հանրապետության որոշ բնակիչներ, մասնավորապես` Հայրենական պատերազմի մասնակիցները, ղարաբաղյան պատերազմում զոհված զինվորների ընտանիքներն ու հաշմանդամները միանվագ դրամական օգնություն կստանան:

Տոնի շրջանակններում ԼՂՀ նախագահի անունից ընդունելություն կկազմակերպվի: Երեկոյան Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի կունենա տոնական համերգ` տեղի և օտարերկրյա արտիստների մասնակցությամբ, ինչպես նաև կկազմակերպվի հրավառություն:

1991 թ.-ի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության  և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։  

Նման որոշում ընդունելիս պահպանվել են 1990 թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի պահանջները, որը նախատեսում է ԽՍՀՄ-ի կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում սեփական պետաիրավական կարգավիճակի մասին հարցն ինքնուրույն լուծելու ազգային ինքնավարությունների իրավունքը:

Ղարաբաղի ժողովրդի կամքն ամրագրվել է 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի ժամանակ, որի ընթացքում հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։-0-