ԼՂՀ նախագահն անկախության տարիների գլխավոր նվաճումներից մեկն է համարում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը

01.09.2011, 10:39
ԼՂՀ նախագահն անկախության տարիների գլխավոր նվաճումներից մեկն է համարում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը կարծում է, որ հանրապետության անկախության տարիների գլխավոր նվաճումներից մեկը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն է։

«Հենց այս եռամիասնությունն է մեր անկախ պետականության հիմքերից մեկը և կարևոր քաղաքական, տնտեսական և հոգեբանական նշանակություն ունի ինչպես Արցախի, այնպես էլ ողջ հայության համար»,- «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է Սահակյանը։
Նախագահը կարծում է, որ գլխավոր նվաճումների թվում են նաև անկախ պետականության և դրա ինստիտուտների կայացումը։

«Մեզ մոտ կայացել և արդյունավետորեն գործում են իշխանության բոլոր երեք ճյուղերը։ ԼՂՀ-ն մարտունակ բանակ ունի, որը ոչ միայն իր անկախության և անվտանգության գլխավոր երաշխիքն է, այլ նաև կայունացնող գործոն է տարածաշրջանում։ Մեր երկիրը հստակ կանգնել է ժողովրդավարական զարգացման ճանապարհին, և անկախ ղարաբաղյան պետության գոյությունը սպառնալիք չի ներկայացնում ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ ողջ աշխարհում»,- ընդգծել է նա։

Ըստ Սահակյանի, Լեռնային Ղարաբաղը կարողացել է նաև հաղթահարել «Ադրբեջանի կողմից պարտադրված սարսափելի պատերազմը, որը գրեթե ոչնչացրեց մեր տնտեսությունը»։
«Այսօր Արցախը դինամիկ զարգացող տնտեսությամբ և ներքին կայունության բարձր մակարդակով պետություն է»,- ասել է նա։

1991 թ.-ի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության  և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։ --0—