Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը Սպիտակ տան առաջնահերթությունն է. Բրայզա

29.08.2011, 13:35
Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը Սպիտակ տան  առաջնահերթությունն է. Բրայզա

Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը Սպիտակ տան  առաջնահերթությունն է, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ  դեսպան Մեթյու Բրայզան:

«Պակաս կարևոր չէ նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը: Այս խնդիրը կարևոր և հրատապ է, ու մեր կառավարության արտաքին քաղաքականության մեջ զբաղեցնում է առաջնային տեղերից մեկը: Գիտեմ, որ այս տեսակետը կիսում են նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը», - ասել է Բրայզան «Զերկալո» ադրբեջանական հրատարականությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքերով` ԱՄՆ-ն՝ նախագահ Օբամայի և պետքարտուղար Քլինթոնի գլխավորությամբ, ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ միասին աջակցելու է այս հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների նախապատրաստմանը:

«ՄԽ-ն օգնել է կողմերին նախապատրաստել հիմնարար սկզբունքների հիմնական բաղադրիչները՝ խաղաղ ճանապարհով արդար որոշումների հետագա մշակման համար: Կարծում եմ, որ հակամարտության կարգավորումը կողմերից փոխադարձ զիջումներ կպահանջի», - նշել է Բրայզան:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-