ԼՂՀ այցելող զբոսաշրջիկների թիվը հետևողականորեն աճում է. ԼՂՀ ԱԳՆ

26.08.2011, 14:04
ԼՂՀ այցելող զբոսաշրջիկների թիվը հետևողականորեն աճում է. ԼՂՀ ԱԳՆ

2011թ.-ի առաջին կիսամյակում ԼՂՀ է այցելել ավելի քան 3 հազար օտարերկրյա քաղաքացի, ինչը 49%-ով գերազանցում է 2010թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ հղում անելով արտաքին քաղաքական գերատեսչության հյուպատոսական ծառայությանը:

«Չնայած Ադրբեջանի իշխանությունների հարուցած խոչընդոտներին և ԼՂՀ այցելած օտարերկրացիներին «անցանկալի անձ» հայտարարելուն` աշխարհում աճում է Արցախի նկատմամբ հետաքրքրությունը: 2010թ. առաջին կիսամյակում, դրան նախորդող տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, նույնպես արձանագրվել էր զբոսաշրջիկների թվի էական` 45 տոկոսանոց աճ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արցախ այցելողների թվում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի, Կանադայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների քաղաքացիները: Շարունակում է ընդլայնվել այցելուների աշխարհագրությունը: Վերջին շրջանում ԼՂՀ ավելի հաճախակի են այցելում զբոսաշրջիկներ Ճապոնյայից, Չինաստանից, Սինգապուրից, Բրազիլիայից, Վենեսուելայից, Իսրայելից, Նոր Զելանդիայից, Հնդկաստանից, Կոտ Դիվուարից և այլ երկրներից:

«Զբոսաշրջիկներին հրապուրում են ոչ միայն հնագույն պատմական հուշարձանները, շքեղ բնությունը, գեղատեսիլ կիրճերը, առողջ էկոլոգիան, հանքային և տաք աղբյուրները, այլև արցախցիների բարյացակամությունն ու հյուրասիրությունը, ինքնատիպ ղարաբաղյան խոհանոցը: Հյուրերն այցելում են Գանձասարի (XIII դար), Ամարասի (IV դար), Դադիվանքի (IV դար) վանական համալիրներ, հնագույն քաղաք Տիգրանակերտի պեղումների գոտի, Ազոխի քարանձավ, Նիկոլ Դումանի քանգարան, ինչպես նաև բազմաթիվ հին հայկական ամրոցներ»,- նշեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ ավելացնելով, որ Արցախում զբոսաշրջության զարգացմանը զգալի չափով կնպաստի Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը: -0-